— Դե որ գիտես՝ սիրահարված եմ, էլ ի՞նչ կանես իմ ասելը,— հեգնորեն նկատեց Էմման, դեպի դուրս նայելով։
— Ես ուզում եմ, որ դռւ ինքդ այդ հաստատես։
— Ես քեզ ասում եմ, որ սիրահարված չեմ։
— Ասա, ասում եմ։
— Զարմանալի է, ի՞նչ ասեմ, քանի որ ոչինչ չկա,— անհամբերությամբ կանչեց Էմման, արագ դեպի նա դառնալով։
— Ասա, ասում եմ,— կրկնեց Աննան։
Էմման նայեց նրան թշնամաբար։
— Դու կատա՞կ ես անում,— հարցրեց նա։
— Ես կատակ չեմ անում, Էմմա։
— Հապա՞։
— Ես լուրջ կերպով եմ խոսում, շատ լուրջ կերպով։
— Ի՞նչ ես ուզում ինձնից։
— Խոստովանիր, որ սիրահարված ես Զազունյանի վրա։
— Տեր աստված,— անհամբեր արտասանեց Էմման։
— Խոստովանի՛ր, ասում եմ։
— Դիցուք թե սիրահարված եմ,— հանկարծակի վճռականությամբ ասաց Էմման և սաստիկ ատելությամբ նայեց նրան։
— «Դիցուք թե» չէ հարկավոր։
— Լա՛վ, սիրահարված եմ, այո՛, սիրահարված եմ Զազունյանի վրա. ի՞նչ ես ուզում ինձնից,— կանչեց Էմման և վեր թռավ տեղից։
Աննան կարճ ժամանակ նայեց նրան լուռ։
— Գիտե՞ս, ես այդ պարզ խոստովանանքի տեղ եմ ընդունում, Էմմա,— ասաց նա։
— Ասում եմ՝ սիրահարված եմ Զազունյանի վրա, հիմա՞, ի՞նչ ես ուզում ինձնից,— կրկնեց Էմման, իրեն համարյա կորցնելով։ Նա սաստիկ գունատվել էր, շրթունքները նկատելի կերպով դողում էին, աչքերը փայլում էին և սպիտակ ճակատի վրա կարմիր բծեր էին երևան եկել։
Այնինչ Աննան հանգիստ տխրությամբ նայում էր նրան։
— Գիտե՞ս, Էմմա, ես քեզ այժմ բոլորովին չեմ կարողանում ճանաչել,— կարճ լռությունից հետո ասաց նա կամաց։— Սերը քեզ բոլորովին փոխել է։