Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ, ասա՛,— կանչեց Էմման։

— Երբ հանգստանաս, այն ժամանակ կասեմ, իսկ հիմա ինձ չես հասկանա,— թեթև հառաչելով ասաց Աննան և, հեռանալով նրանից, նստեց մի աթոռի վրա։

Էմման այս անգամ նայեց նրան արհամարհական հայացքով։

— Գլխիս վերակացու է եկել,— ասաց նա, իբրև թե ինքնիրեն, և շտապով դուրս գնաց, դուռն ամուր շրխկացնելով իր ետևից։

Աննան արագ նայեց նրան, վեր թռավ և վազեց նրա ետևից, բայց դռան մոտ հանկարծ կանգ առավ և դառնությամբ ժպտաց։

— Ախ, սիրելիս, ինչպես խելքդ կորցրել ես,— շջնջաց նա մեղմ տխրությամբ և վերադարձավ, նստեց իր տեղը։

Գիտենալով, որ այդ օրն այլևս ոչինչ չի կարող անել և իր մնալն ավելորդ է, մինչև անգամ ավելի կգրգռի Էմմային, նա շուտով վեր կացավ և հեռացավ սաստիկ տխուր ու ծանր սրտով։ Բոլորովին չէր նեղանում Էմմայից, որովհետև հասկանում էր, որ նրա փոփոխության պատճառը միայն սերն է, նա միայն մտահոգվում էր սիրելի ընկերուհու համար, որ այդքան կուրորեն անձնատուր էր եղել այդ սիրուն, որը, նրա համոզմունքով, կորստաբեր էր։

«Ո՛չ, ո՛չ,— մտածում էր նա,— ես չեմ թողնի այդպես․ այն դիմակավոր սրիկան կկործանի այդ խղճուկին և բավական չէ միայն դրան, նա այն խեղճ մարդուն— Զաքարին էլ կթշվառացնի... իսկ Արամիկը... Չէ՛, չէ՛, ինչ ուզում է լինի, չեմ թողնի այդպես... Ախ, սրիկա՜, սրիկա՜...»։

Սաստիկ կատաղությունը բորբոքվել Էր նրա սրտում Զազունյանի դեմ, և նա դեռ ոչ ոքի այնպես չէր ատել, ինչպես այդ մարդուն։ Նրա կատաղությունն ու ատելությունն ավելի ևս բորբոքվում էին, երբ տեսնում էր, որ ինքը բոլորովին անզոր է այդ մարդու դեմ կռվելու։