Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

24

Հետևյալ առավոտյան նա դարձյալ գնաց Էմմայի մոտ։ Զաքարը տանը չէր, ինչպես և նախորդ օրը։ Աղախինը հայտնեց նրան, որ տիկինը ննջարանումն է և ոչ ոքի չի ընդունում։

— Եվ ոչ ի՞նձ,— կանչեց Աննան։

— Տիկինն այդպես հրամայեց,— պատասխանեց աղախինը։

— Ես նրան ցույց կտամ «տիկինն այդպես հրամայեց»,— ասաց ինքնիրեն Աննան և շտապեց դեպի Էմմայի ննջարանը։ Նա բռնեց դռան փականքից և առաջ հրեց։ Դուռը փակ էր ներսից։

— Էմմա, բա՛ց արա,— կանչեց նա։

Ներսից ձայն չկար։

— Էմմա, բա՛ց արա,— կրկնեց նա։

Դարձյալ ձայն չկար։

— Չե՞ս լսում, Էմմա։

Նա շարժեց դուռը։

— Ո՞վ է,— վերջապես լսվեց ներսից Էմմայի ձայնը։

— Ես եմ, բաց արա։

— Հիմա չեմ կարող ընդունել։

— Ասում եմ՝ բաց արա։

— Հիվանդ եմ։

— Բաց արա, քեզ ասում եմ։

— Աննա, խնդրում եմ, հիմա ինձ հանգիստ թող։

— Բաց արա, թե չէ կկոտրեմ դուռը,— կանչեց Աննան և դուռն ուժգին չրխկչրխկացրեց։

«Ախ», լսվեց ներսից մի հուսահատական հառաչանք, և դուռը բացվեց։

Նրա առջև կանգնած էր Էմման գունատ և անշարժ։

Նրանք միաժամանակ նայեցին միմյանց, որպես երկու կատաղի, անհաշտ թշնամիներ։

— Չե՞ս ամաչում... չե՞ս ամաչում... չե՞ս ամաչում,— կանչեց Աննան հետզհետե ձայնը բարձրացնելով։— Դու գժվե՞լ ես, թե... Ինչո՞ւ էիր դուռը փակել և չէիր ուզում ինձ ներս թողնել․ ինչո՞ւ էիր փակել, ասա, տեսնեմ։ Նրա