համա՞ր, որ ես ուզում եմ քեզ սխալ ճանապարհից հեռացնել, նրա համա՞ր, որ ես քեզ ուզում եմ կորստյան անդունդից հեռացնել, նրա համա՞ր, որ ես քեզ, աստված գիտե, թե ինչպես եմ սիրում։ Խելագա՛ր, անմի՛տ, մեկ մտածիր, թե ի՛նչ ես անում, ի՛նչ սոսկալի թշվառություն ես պատրաստում քեզ, ամուսնուդ և երեխայիդ համար... Ի՞նչ ես տեսել այն սրիկայի, այն կեղծավորի, այն, այն... դիմակավոր ավազակի մեջ, որի համար այդպիսի գժություններ ես անում։ Անմի՛տ, անմի՛տ, դու ամուսին ունես, դու որդի ունես։ Ախր այն սրիկան Զաքարի մի եղունգն անգամ չարժե, ո՞ւմ ես թողնում և ո՜ւմ գիրկն ես ընկնում, խելքդ ո՞րտեղ է։
Հոնքերը կիտած, քթածակերը լայնացրած և ձեռքերը բռունցք կազմած Էմման կանգնած էր նրա առջև անշարժ և, առանց ձայն-ծպտուն հանելու, սառն, արհամարհանքով շարունակ նայում էր հատակին։
— Սիրում ես, ո՞վ է քեզ դրա համար մեղադրում,— շարունակեց Աննան քիչ հանգստանալով։— Դու ի՞նչ մեղավոր ես, որ սիրում ես... բայց խո հասկանո՞ւմ ես, որ այդ սերը ներելի չէ քեզ, որ դու իրավունք չունես, քո պայմաններում սիրելու ուրիշին, ուրեմն, ինչո՞ւ չես ուզում, որ քանի ուշ չէ, դրա դեմն առնելու համար խելք խելքի տանք, մի բան անենք։ Ինչո՞ւ այդ ծածկում ես ինձնից և դեռ դուռդ փակում ես իմ առջև։ Մի՞թե կարծում ես, որ ես քո վատն եմ ցանկանում, ես, որ մանկական հասակիցս քեզ միշտ հոգով չափ սիրել եմ։ Ի՞նչպես չես տեսնում այն սոսկալի թշվառությունը, որ դու ինքդ պատրաստում ես քեզ համար, դեռ մի կողմը թողնենք Զաքարին ու Արամիկին... Եկ, եկ նստենք այստեղ և խոսենք հանգիստ, եկ։
Եվ նա, բռնելով Էմմայի ձեռքից, համարյա քաշ տվեց նրան իր ետևից, նստեցրեց, իսկ ինքը նստեց նրա դիմաց։
— Գիշերը չեմ քնել քո մասին մտածելով,— շարունակեց նա։— Երեկվանից դեռ ես իմը չեմ, քո տեղ ես եմ տանջվում, և դու դեռ իմ առջև փակում ես դուռդ... Ախ, Է՛մմա, է՛մմա, ի սեր աստծո, խելքի արի, խելքի, թե չէ... Մոռացիր այն սրիկային, այն ավազակին, նա քեզ չի տալ այն, ինչ որ դու ես ցանկանում. նա միայն կթշվառացնի քեզ, երդվում եմ,