որ կթշվառացնի։ Դու չգիտես, թե ինչպիսի մարդ է նա,— ի՛նձ հարցրու, ե՛ս եմ ճանաչում նրան. ամեն նայելովս թափանցում եմ նրա հոգին. նրա այն կոռեկտ, գեղեցիկ դիմակի տակ հազար և տասն հազար սատանա կա թաքնված, ի՞նչ ես նայում նրա արտաքինին կամ ի՞նչ ես նայում Զաքարին, որ իր անմիտ և անմեղ գովասանքներով նրան երկիրն է բարձրացնում. Զաքարը միամիտ մարդ է, քեզնից ավելի շուտ խաբվող— դու ի՛նձ լսիր, ի՛նձ, ուրիշ ոչ ոքի և, աստված է վկա, չես զղջա։ Ախր մեկ այս էլ մտածիր. նրան որ սիրում ես, այդ աստիճան որ անձնատուր ես եղել այդ սիրուն, որ ոչ մի միջոցով չես ուզում դրա դեմն առնել, վերջն ի՞նչ պետք է անես, ինչո՞վ պետք է այդ բոլորը վերջանա։ Պետք է տունդ, տեղդ, ամուսնուդ, որդուդ թողնես և փախչե՞ս նրա հետ, հա՞․․․ պետք է անարատ անունդ, պատիվդ զոհե՞ս այն սրիկայի համար.․․ կանե՞ս այդ, հա՞ կանե՞ս... Ի՞նչ ես լռել, ինչո՞ւ չես խոսում։
— Դու խոսում ես, է՛լի, ես էլ ի՞նչ խոսեմ,— ասաց հեգնորեն Էմման, որը արհամարհանքով շարունակ նայում էր ուրիշ կողմ։
Աննան աչքի տակից մի զգաստ և խիստ հայացք ձգեց նրա վրա։
— Էմմա,— կարճ լռությունից հետո ասաց նա ծանր և հանդարտ,— մի՞թե ես այլևս քո մտերիմ ընկերուհին չեմ։
Էմման չպատասխանեց։
— Մի՞թե ես այլևս ոչ մի նշանակություն չունեմ քո աչքում։ Մի՞թե անկեղծ սրտացավությունս և սերս միայն արհամարհանք են շարժում քո սրտում։
Էմման լռում էր։
— Մի՞թե մի թափառական, մի բախտախնդիր սրիկա, որ զբաղված է ուրիշի երջանկությունը գողանալով և անմեղ ընտանիքներ սրբապղծելով, ինձ էլ կարողացավ քո սրտից հանել։
Էմման հանկարծ նայեց նրան, նրա հայացքը կատաղած էր:
— Ի՞նչ ես ուզում ինձնից,— հարցրեց նա խստորեն։
— Այն սրիկային վռնդիր այստեղից,— կանչեց Աննան։
Էմման նույն հայացքով նայեց նրան և սաստիկ կատաղությունից