երկար ժամանակ ոչինչ չկարողացավ պատասխանել։
— Հիմա ե՛ս պետք է ասեմ քեզ խելքի արի,— վերջապես ասաց նա, և վեր կենալով տեղից, հեռացավ մի կողմը։
— Ի՞նչ, դու կարծում ես, թե այս անկարելի՞ է,— կարճ լռությունից հետո ասաց Աննան։— Ես խո չեմ ասում, թե նրա ցիլինդրը վերցրու և լուսամուտից դուրս շպրտիր կամ թե՝ ծառաներին հրամայիր, որ վզակոթին տալով դուրս անեն այստեղից։ Դու ուղղակի կարող ես հիվանդ ձևանալ և, երբ նա կգա, դուրս չգնալ նրա մոտ, պրծավ գնաց։ Այդպիսով նա ինքն ամեն բան կհասկանա և ոտը կկտրի այստեղից։
— Խնդրում եմ, բավական է այդ մասին խոսես, ես այլևս չեմ կարող քեզ լսել,— ասաց Էմման և ուզում էր դուրս գնալ։
— Ո՛չ, բավական չէ՛, բավական չէ՛,— կանչեց Աննան, վազելով նրա ետևից և բռնելով նրան,— ես քեզ հանգիստ չեմ տա, մինչև չլսես ինձ, գիշեր-ցերեկ ես կտանջեմ քեզ, մինչև որ դու առաջվա ճանապարհի վրա չկանգնես։ Զազունյանին վռնդիր այստեղից, ես քեզ ասում եմ։
— Թե չէ...— հեգնական ժպիտով հարցրեց Էմման։
— Թե չէ... ես ինքս կխայտառակեմ նրան և կվռնդեմ այստեղից։
Էմման մի ծաղրական֊արհամարհական հայացքով չափեց նրան ոտից գլուխ։
— Հետո՞,— հարցրեց նա։
— Հետո նա ավելի շուտ գլուխը քարովը կտա, քան թե այստեղ այլևս ոտք կդնի։
— Իսկ քեզ ո՞վ կվռնդի այստեղից...
— Ոչ ոք։
— Ե՛ս,— խլվելով նրա ձեռքից և գոռոզ հպարտությամբ խփելով իր կրծքին, կանչեց Էմման։— Ե՛ս կվռնդեմ քեզ այստեղից, հասկանո՞ւմ ես, ե՛ս... Այստեղ նայիր․ ո՛վ ո՛ւմ տանն ի՛նչ իրավունքներ է ուզում բանեցնել... Խնդրեմ, խնդրեմ․․․ Դու ինչ-որ քեզ շատ ես երևակայում․.. Քեզ ոչ ոք չի խնդրել, որ գաս այստեղ կարեկից և սրտացավ լինես..․ Խրատներ ունես՝ տար ուրիշին տուր, այստեղ ոչ