ոք հիմար չկա... ամեն մեկը իր խելքը, իր հասկացողությունն ունի։ Այնտեղ, այնտեղ,— ձեր տանը... այս ուրիշի տունն է...
Եվ դարձյալ մի ծաղրական-արհամարհական հայացքով չափելով նրան ոտից ցգլուխ, ինքնավստահ, հպարտ քայլերով դուրս գնաց։
Աննան մնաց քարացած։
25
Զազունյանը մինչև իր Շ... գնալն անտարբեր չէր դեպի Էմման. նրա սրտումն էլ սիրո նման ինչ-որ բան էր սկսել շարժվել, որին նա համարյա ոչ մի նշանակություն չէր տալիս, որովհետև այդ միայն հիմարություն էր համարում։ Եվ դրա համար նա ուներ երկու պատճառ, որոնց նա ահագին նշանակություն էր տալիս.— մեկն այն, որ Էմման ազատ չէր, ամուսին և զավակ ուներ, որոնք նրան սիրում և պաշտում էին, և այդ ամուսինն, իբրև անհատ, իբրև մարդ մի կողմը թողած, իր բարեկամը, իր ընկերն էր, որին դավաճանել չէր կարող, իսկ երկրորդ պատճառը... Սակայն երկրորդ պատճառը, ահագին նշանակություն ունենալով հանդերձ, այն աստիճան մեծ դեր էր խաղացել և դեռ շարունակում էր խաղալ նրա բարոյական աշխարհում, որ նա այդ մասին երբեք չէր ուզում մտածել և ամեն կերպ աշխատում էր մոռացության տալ... Սակայն առաջին անգամ անջատվելով Էմմայից և գնալով Շ..., նա զգաց, որ այն զգացմունքը, որ ինքը կատարյալ հիմարություն էր համարում, այնքան էլ հիմարություն չէր և արդեն կարողացել էր իր համար մի որոշ նշանավոր տեղ բռնել նրա սրտում։ Ինչպե՞ս, ե՞րբ.․․— ահա հարցեր, որոնց նա ինքն էլ չէր կարողանում պատասխանել և որոնք նրան, եթե ոչ երկյուղ, գոնե զարմանք էին պատճառում։
«Հիմարություն է, հիմարություն է», դարձյալ չէր ուզում նա հավատալ, չնայելով, որ Էմմայի պատկերը նրա աչքերի առաջից չէր հեռանում, չնայելով, որ այժմ, հակառակ իր սովորության, սկսել էր անձնատուր լինել «հիմար» ցնորքներին, որոնց մեջ նա մի տեսակ քաղցրություն էր զգում, մի տեսակ ախորժելի կաշկանդող ուժ։ «Հիմարություն է, հիմարություն»,