այդ ժամանակ, գուցե, դուրս եկած կլինեն զբոսանքի, մանավանդ, որ եղանակը շատ գեղեցիկ էր․ բացի դրանից, նա հենց սկզբից վախենում էր, զգում էր, որ ինքը անկարող կլինի իր բերանով հայտնելու Էմմային, որ ինքը մի կամ երկու օրից հետո պետք է հեռանա. այդ նրան միևնույնն էր թվում, թե ինքն իր բերանով պետք է կարդար իր դատավճիռը։ Նա գնում էր և հետզհետե քայլերը դանդաղեցնում։ Որքան առաջ էր գնում, այնքան նրա մտքերն անկանոն ընթացք էին ստանում, այնքան նրանք հեռանում էին վերջնական վճռից։— Արդյոք գնա, թե չգնա, արդյոք նրանք տանը կլինե՞ն, թե ոչ, և եթե տանը լինեն, արդյոք Էմմայի ներկայությամբ հայտնի՞ Զաքարին իր հեռանալու մասին, թե սպասի մի ուրիշ անգամի, արդյոք լավ չի՞ լինի, եթե մի քանի օրով հետաձգի իր հեռանալը։ Չնայելով, որ վերջին խնդիրը նա արդեն վճռել վերջացրել էր, բայց այժմ մի անհասկանալի զորությամբ այդ վճիռը հետզհետե թուլանում էր և խնդիրը նորից քննություն էր պահանջում։
Այդպիսի տատանումների մեջ էր նա, երբ հանկարծ տեսավ Զաքարին կառքով անցնելիս։ Զաքարը նույնպես տեսավ նրան և կառքն իսկույն կանգնեցնել տվեց։ Զազունյանն իջավ մայթից և մոտեցավ նրան։
— Ո՞ւր ես գնում,— հարցրեց Զաքարը, ձեռք տալով նրան։— Եկ նստիր, գնանք մեր տուն։
Զազունյանը նստեց։ Կառքն առաջ անցավ։
— Գալիս էի ձեր տուն,— պատասխանեց Զազունյանը։
— Հա-ա՞... փառք աստծո։ Երևի այս երկու օրը ոտներիդ հինա էիր դրել, որ չէիր գալիս։ Տխուր նստում ենք, տխուր վեր կենում։ Չէ, եղբայր, դեռ սկզբից չպետք է գայիր մեր տուն, բայց որ մի անգամ եկար, այլևս իրավունք չունես մի օր անգամ բացակայելու. ես այդպես եմ հասկանում բարեկամությունը։ Դու հո գիտես, որ քո ներկայությունն առանձին բավականություն է պատճառում մեզ, էլ ի՞նչ ես նազ ու տուզ ծախում։ Հավատացիր, Արսեն, որ առանց քեզ մենք շատ տխուր ենք լինում, մանավանդ որ Աննան էլ այս երկու-երեք օրը, չգիտեմ ինչ պատճառով, այլևս չի գալիս մեր տուն։ Երևի դու և նա միասին խոսք եք կապել, որ մեզ բոլորովին մենակ թողնեք։