չէ։ Որպեսզի ինձ հասկանաս, պետք է անձամբ ճանապարհորդած լինես և ձգտումն ունենաս դեպի ճանապարհորդությունը։
— Ես զարմանում եմ, ճշմարիտ... Ախր, եղբայր, եթե ճանապարհորդությունը որևէ առավելություն ունի նստակյաց կյանքից, էլ ինչո՞ւ չես կարող բացատրել ինձ, թե ինչումն է այդ առավելությունը։
— Դու ինձ ասա, թե ինչո՞ւ անպատճառ նստակյաց կյանք ես սիրում և ոչ ճանապարհորդություն։
— Որովհետև նստակյաց կյանքը ամեն բանով լավ և օգտակար է ճանապարհորդությունից։
— Իսկ ես էլ կասեմ, որ ճանապարհորդությունն ամեն բանով լավ և օգտակար է նստակյաց կյանքից։
— Ի՞նչով օրինակ։
Զազունյանը ժպտաց։
— Տեսնո՞ւմ ես, մենք դարձյալ ետ գնացինք,— ասաց նա։— Ոչ մի օրինակ հարկավոր չէ, ասում եմ։ Այդ կախված է անհատի բնավորությունից, հակումից։ Ինչո՞ւ մեկը խորոված է սիրում, մյուսը— փլավ, ինչո՞ւ մեկը գինի է սիրում, մյուսը— գարեջուր, ինչո՞ւ մեկը շուն է սիրում, մյուսը— ձի․ կարո՞ղ ես բացատրել դրանց պատճառները։ Չէ։ Այնպես էլ ես։
— Էհ, մախլաս,— ասաց Զաքարը մի տեսակ տխուր և հուսահատ դժդոհությամբ և թեթև հառաչեց։
Երկուսն էլ կարճ ժամանակ լռեցին։
— Արսեն, արի իմ խաթրու մնա, ձեռք վերցրու ճանապարհորդությունից,— հանկարծ ասաց Զաքարը, նայելով Զազունյանին։
— Անկարող եմ, Զաքար,— մեղմությամբ պատասխանեց Զազունյանը։— Ինձ համար մահու չափ անտանելի է մի տեղում երկար մնալը․ սաստիկ ձանձրանում եմ... Ահա քանի ժամանակ է՝ ես այստեղ եմ, և դու չես կարող երևակայել, թե այժմ ինչքան ձանձրացել եմ այստեղից,— խաբեց նա։
— Մե՞զ մոտ, մենք քեզ ձանձրացնո՞ւմ ենք,— զարմացած հարցրեց Զաքարը։
— Էհ, Զաքար․․․ երեխայի նման խո միշտ ձեր ետևից չեմ ընկնի,— ասաց Զազունյանը տխրությամբ։