— Դե որ այդպիսի համառն ես, աստված բարի ճանապարհ տա,— բարկացած կանչեց Զաքարը։— Գնա ուր ուզում ես, գնա թափառի ինչքան ուզում ես, ես իսկի չեմ էլ ուզում քեզ արգելք լինել։
Երկար ժամանակ երկուսն էլ լռեցին։
— Ե՞րբ ես գնում,— հարցրեց քթով Զաքարը։
— Կամ վաղը, կամ մյուս օրը,— պատասխանեց Զազունյանը։
Կառքը կանգ առավ Զաքարի բնակարանի դռանը։ Նրանք իջան և բարձրացան վերև, հյուրասենյակ։ Զաքարն ուզում էր գնալ տեսնելու, թե ինչ է անում կինը, ինչու չի մտնում, գլխավորապես հայտնելու նրան Զազունյանի հեռանալը, որ իրեն սաստիկ ազդել էր, երբ հանկարծ մտավ Աննան։ Երևում էր, որ նա նոր չէր եկել և փոքր֊ինչ առաջ սաստիկ հուզվել էր։
— Ա՜, փա՛ռք, աստծու,— նրան տեսնելով, կանչեց Զաքարը։— Հազիվ միտներդ եք բերել մեզ։
— Ներեցեք ինձ,— այս երկու-երեք օրը ես հիվանդ էի, դրա համար էլ չէի գալիս,— ասաց Աննան, սեղմելով նրա ձեռքը, իսկ Զազունյանին միայն թեթևակի և համարյա առանց նրան նայելու, կարծես ակամա, գլուխ տալով։
Զազունյանն այդ առաջին անգամը չէր տեսնում, որ Աննան լավ աչքով չէր նայում իրեն։
— Ի՞նչպես, ի՞նչ էր պատահել,— հարցրեց Զաքարը։
— Չգիտե՞ք ինչ կպատահեր. շուտ հիվանդացողինը և շուտ առողջացողինը կամ գլուխը պետք է ցավելիս լիներ, կամ պետք է մրսած լիներ,— պատասխանեց Աննան բռնի ժպիտով, որպեսզի ցույց չտա իր հուզմունքը, որից, ինչպես երևում էր, նա դեռ չէր հանգստացել և չէր կարողանում հանգստանալ։
— Հա, այդ մեկը ճիշտ է, այդ մեկը ճիշտ է,— շտապով պատասխանեց Զաքարը։— Բայց ո՞ւր է էմման. դուք նրա մո՞տ էիք. ինչո՞ւ ներս չեք գալիս,— ասաց նա, ուզելով դուրս գնալ։