— Նա հիմա կգա, նա հիմա կգա, պ. Զաքար,— շտապեց պատասխանել Աննան։
— Ախր դուք չգիտեք, տ. Աննա, Զազունյանը վաղը կամ մյուս օրը վճռել է արդեն հեռանալ այստեղից,— ասաց Զաքարը տխրությամբ։
Աննան արագ նայեց Զազունյանին։ Նրա դեմքի վրա երևաց զարմանք և ուրախություն, որ նա չկարողացավ ծածկել։
Զազունյանը նկատեց այդ և հոնքերը փոքր-ինչ կիտեց։ Նա նստած էր, ըստ երևույթին, բոլորովին հանգիստ։
— Այո՞, պ. Զազունյան,— հարցրեց Աննան։
— Այո,— պատասխանեց Զազունյանը։
— Վաղը կամ մյուս օ՞րը։
— Այո։
— Զարմանալի է, ինչո՞ւ այդպես հանկարծ․․․
Զազունյանը հոնքերը ավելի կիտեց. նա արդեն ամեն բան հասկանում էր։
— Հանկարծ ասացիք ու թողի՛ք,— վրա բերեց Զաքարը։
— Գոնե երկու շաբաթ, գոնե մի շաբաթ, գոնե հինգ օր առաջ հայտներ, թե այսինչ օրը հեռանում եմ, այնինչ՝ այսօր...
Ներս մտավ Էմման մետաքսյա մոխրագույն շրջազգեստով, որ կոկ և մեծ ճաշակով կանգնած էր նրա փոքր-ինչ առաջ թեքված, բայց կանոնավոր ճկուն կազմվածքի վրա։ Ներս մտավ համարձակ, մինչև անգամ հպարտ քայլերով, ինչպես ոչ մի ժամանակ ներս չէր մտել։ Երևում էր, որ նա նույնպես հուզված էր եղել, ինչպես Աննան, և հուզված էր եղել Աննայից է՛լ ավելի․ նրա սպիտակ ճակատի վրա տակավին երևում էին կարմիր բծեր, իսկ վզի և ծնոտների վրա՝ կապույտ երակներ, որոնք սաստիկ հուզմունքից գրգռվել-ձգվել էին։ Մինչև Զազունյանը նրան տեսնելուն պես վեր կկենար և կշտապեր դեպի նա բարևելու համար, Էմման իր կողմից արագ քայլերով մոտեցավ նրան և ամուր սեղմեց նրա ձեռքը, ինչպես ոչ մի ժամանակ չէր սեղմել։
— Դուք գիտեք, թե ինչ բանի համար ես պետք է մեղադրեմ ձեզ, իսկ ես գիտեմ, թե ինչ պետք է պատասխանեք դուք ինձ,— ասաց նա ժպտալով, համարձակ և անսովոր արագախոսությամբ, կարծես մեկին ջգրացնելով,— և այդ