Էմման այլևս ոչինչ չկարողացավ ասել։ Նրա շուրջն օդը կարծես հանկարծ սպառվեց։ Նա մեքենայաբար հեռացավ դեպի լուսամուտը և նույնպես մեքենայաբար նստեց աթոռի վրա մեջքն Աննայի կողմն անելով։
— Այսօր ի՛նչ շոգ է,— արտասանեց նա շնչասպառ, նորից վեր կացավ, ուժով բաց արեց լուսամուտի փեղկերը, որ իսկույն չհաջողվեց, և նորից նստեց աթոռի վրա։
Զազունյանն և Աննան, իհարկե, հասկացան, թե բանն ինչումն է, բայց Զաքարը տեսավ և ոչինչ չհասկացավ։ Նա միայն զարմացած նայեց կնոջը։
Սենյակում երկար ժամանակ լռություն տիրեց։
— Թեյը պատրա՞ստ է,— դիմեց կնոջը Զաքարը։
— Ի՞նչ,— հարցրեց էմման մեքենայաբար նայելով նրան։
Զաքարը բոլորովին զարմացած նայեց ուղղակի նրա աչքերին։
— Թե՛յ,— կրկնեց նա։
— Թե՞յ..․ Հա, իսկույն...— ասաց Էմման, շտապով վեր կացավ և շտապով դուրս գնաց՝ անցնելիս մի սաստիկ և կատաղի ատելությամբ լի հայացք ձգելով Աննայի վրա։
Այնուհետև մինչև Զազունյանի գնալը նրա խելքը կարծես գլխին չէր։ Նա նմանում էր մի կասկածավոր մարդու, որին անսպասելի կերպով վրա են հասել մարդիկ, և նա շփոթությունից, շտապելուց չգիտե, թե ինչպես անի, որ նրանց ձեռքը չընկնի։
Թեյից հետո, երբ արդեն մթնել էր, Զազունյանը վեր կացավ, որ գնա, որովհետև պարզ տեսնելով Էմմայի դրությունը, նրա համար անասելի ծանր էր մնալ այնտեղ։ Զաքարը փորձեց չթողնել նրան, բայց նա չմնաց, պատճառ բերելով, որ պետք է ճանապարհի պատրաստություններ տեսնի։
— Ի՞նչ, դու վա՞ղն ես գնում,— կանչեց Զաքարը։
— Չէ, գուցե վաղը չկարողանամ գնալ,— պատասխանեց Զազունյանը հապաղելով։
— Հա, այդ էր պակաս որ վաղը գնայիր,— մրթմրթաց Զաքարը։— Սպասիր, ես էլ եմ քեզ հետ դուրս գալիս։
Ձեռք տալու ժամանակ Էմման կարծես հանկարծ ուշքի եկավ։