Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ վնաս էի տվել նրան, որ նա ինձ այս սոսկալի դրության մեջ ձգեց... Սրտիս մեջ կրակ, դժոխք ձգեց, իսկ ինքն այժմ նայում է ինձ և զվարճանում...

Նրա ձայնը բոլորովին դողաց։ Նա ձեռքերը դրեց լուսամուտի տախտակի վրա, դեմքը թաղեց կռների մեջ և ցնցողաբար սկսեց հեկեկալ։

Աննան այս անգամ զարմացավ. ի՞նչ է ասում, «նա» ո՞ւմն է վերաբերում,— իրե՞ն, թե Զազունյանին... վերջին խոսքերից երևում է, որ իրեն է վերաբերում։ Բայց ինքն ի՞նչ մեղք ունի նրա տանջանքների մեջ։ Նա չկարողացավ համբերել, վեր կացավ և շտապով մոտեցավ Էմմային։

— Էմմա,— ասաց նա, առաջ թեքվելով դեպի նա,— ի՞նձ ես մեղադրում, ի՞նձ ես ասում։

— Այո, քե՛զ եմ մեղադրում, քեզ եմ ասում,— առանց գլուխը բարձրացնելու արտասանեց Էմման հեկեկանքի միջից:

Աննան բոլորովին զարմացավ։

— Ես քեզ ի՞նչ եմ արել,— հարցրեց նա։

— Դու ինձ ի՞նչ ես արել,— հանկարծ բացականչեց Էմման կատաղությամբ վեր թռչելով տեղից։— Ահա՛ ինչ ես արել։— Նա երկու ձեռքով բռնեց կրծքից և ուզեց պատռել շրջազգեստը։— Պատռիր կուրծքս և տես, թե ինչ ես արել... պատռի՛ր...

— Հիսուսին ու Քրիստոսին, Էմմա, Հիսուսին ու Քրիստոսին, դու խելագարվել ես,— շշնջաց Աննան, վախեցած ակամա ետ ու ետ գնալով։

— Դու կարծում ես, թե ես հիմա՞ր եմ և ոչինչ չեմ հասկանա,— կանչեց Էմման հետզհետե ավելի ու ավելի կատաղելով։— Դու կարծում ես, թե ինձ հետ կարող ես խաղալ, ինչպես անմիտ երեխայի հետ։ Ինչո՞ւ ես գնացել ասել Զազունյանին, որ հեռանա այստեղից... Ինչո՞ւ, ասա, ինչո՞ւ:

— Է՛մմա, Է՛մմա, ի՞նչ ես ասում, ո՞վ է գնացել, ո՞վ է ասել,— կանչեց Աննան զարմացած։

— Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ... Դու չէի՞ր ասում, թե կխայտառակես և կվռնդես նրան այստեղից, դու չէի՞ր ասում... ասա, դու չէի՞ր ասում։