Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո, ես էի ասում, բայց հետո ո՞վ է նրան խայտառակել, ո՞վ է նրան ասել, որ հեռանա այստեղից, Է՛մմա։

— Դո՛ւ, ասում եմ, դո՛ւ․․ քաջություն ունեցիր և մի ծածկիր։

— Ես այդպիսի բան չեմ արել, էմմա. ինձ իզուր ես մեղադրում։

— Քաջություն ունեցիր և մի՛ ծածկիր, մի՛ ծածկիր։

— Աստված է վկա, Էմմա, ես այդպիսի բան չեմ արել։

— Ա՜, վախենում ես խոստովանել, որովհետև զգում ես, որ շատ անարժան, շատ ստոր բան ես արել, հա՞... վախենում ես խոստովանել, որովհետև ինքդ ամաչում ես քո արարքից, հա՞... Օ՜խ, Աննա, ինչքա՜ն ատում եմ քեզ, ինչքա՜ն զզվում եմ քեզնից... եթե հնար ունենամ, արյունդ կխմեմ... Գնա, հեռացիր այստեղից, իսկո՛ւյն հեռացիր այստեղից... Այլևս չեմ ուզում քո բարեկամությունը, հարկավոր չէ...Գնա, գնա այստեղից... այլևս ոտք չդնես այստեղ, գնա...

Աննան գունատ և անշարժ նայում էր նրա անզուսպ կատաղությունից շառագունած և արյունով լցված աչքերին։

— Ի՛նչ ասեմ, Էմմա,— ասաց նա տխուր հառաչելով,— դու այնպիսի դրության մեջ ես, որ ես ակամա պետք է լռեմ և հնազանդվեմ քեզ։

— Իզուր, իզուր,— պատասխանեց Էմման հպարտ արհամարհանքով։— Ես դեռ չեմ խելագարվել, իսկ երբ կխելագարվեմ, այն ժամանակ ուրախացիր... Իսկ այժմ— խնդրեմ։

Եվ նա հպարտությամբ ցույց տվեց դուռը։

Աննան մի կարճ միջոց խղճալի հայացքով նայեց նրան․ նա ուզում էր բան ասել, բայց ձայնը չհպատակեց նրան. նա շտապեց դեպի դուռը, բայց հանկարծ նստեց այնտեղ դրված աթոռներից մեկի վրա և ձեռքով դեմքը ծածկելով, սկսեց լաց լինել։

Էմման, որ բոլորովին չէր սպասում այդ, հանկարծ ցնցվեց և առաջին նվագ մնաց արձանացած. նա մինչև անգամ գունատվեց։ Հետո կամաց-կամաց սթափվելով, նա ներքին շրթունքը սեղմեց ատամների մեջ, հոնքերը վայր թողեց և կամաց, կարծես զգուշությամբ, դուրս գնաց, առանց մի ձայն հանելու։