Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
29

Զաքարը երկար տեղ ճանապարհ ձգեց Զազունյանին և խնդրելով, որ գնալուց առաջ անպատճառ այցելի իրենց, վերադարձավ տուն։

Զազունյանը Էմմային թողեց շատ ծանր սրտով։ Ոչ մի ժամանակ նրա սերն այնպես չէր բորբոքվել դեպի Էմման, ինչպես այդ կարճ միջոցում, միևնույն ժամանակ նրա սրտում ծագել էր անհուն խղճահարություն դեպի այդ անբախտ կինը։ Թեև շատ անգամ նա Էմմայի մեջ տեսնում էր սիրահարության նշաններ, բայց և այնպես դարձյալ կասկածում էր այդ մասին, սակայն իր վերջին այցելությունից հետո նրան այլևս կասկածելու տեղիք չէր մնում— Էմմայի օտարոտի դրությունը պարզ ապացույց էր, որ այդ կինն իսկապես սիրում է նրան և սիրում է խենթի նման։ Այդ գիտակցությունը, կարծես, հանկարծ կաշկանդեց նրա ոտները։ Հեռանալու մտադրությունը հետզհետե թուլանում էր․ նա զգում էր, որ այդ այցելությունից հետո ինքն էլ այլևս չի կարող հեռանալ— գնալ ընդմիշտ և այն էլ այդպես շուտ— մի կամ երկու օրից հետո։ Էմման այժմ նրա համար ամեն ինչ էր— և՛ կյանք, և՛ երջանկություն, կարելի՞ էր միթե թողնել այդ կյանքը և երջանկությունը և հեռանալ— ո՞ւր...

«Ինչքա՜ն դժվար է», շշնջաց նա անհուն տանջանքով։ Նա զգում էր, որ կամքն ընկճվում էր սիրո ուժի առջև։ Ի՞նչ պետք է աներ, արդյոք հեռանա՞ր առանց Էմմային տեսնելու, թե, նախքան հեռանալը, դարձյալ այցելեր նրան. բայց նա գիտեր, որ այդ այցելությունից հետո արդեն ինքն այլևս բոլորովին անկարող կլինի հեռանալ, բոլորովին կընկճվի սիրո առջև, իսկ դրանից որքա՜ն թշվառություններ պետք է ծագեն։

«Ոչ, ոչ, առանց տեսնելու պետք է հեռանալ, առանց տեսնելու», մտածում էր նա։ «Ահա վաղն ևեթ, վաղն ևեթ... Թող ինչ ուզում են կարծեն, բայց ես առանց տեսնելու կհեռանամ...։ Վաղն ևեթ, վա...»։

Հանկարծ նա սարսափեց իր գլխում ծագած մի նոր մտքից— ի՞նչ կլինի արդյոք Էմմայի դրությունն իր հեռանալուց