Հարունյանն էլ, որ սաստիկ սիրում էր յուր տագրին, այդ րոպեին բոլորովին մոռացել էր իշխանուհի Մելիքյանին, որին մինչև այդ րոպեն այնքան անհամբերությամբ սպասում էր։ Նրա սերն այնքան մեծ ու անկեղծ էր դեպի յուր տագրը, որ առանց քաշվելու նա ուղղակի փաթաթվել էր նրա վզովն, և, անդադար կրկնելով նրա անունը, սեղմում էր նրան յուր կրծքին։ Վերջապես նա ամուր համբուրեց նրա արևից այրված լայն ճակատը, որի վրայից ետ էր ընկել գլխարկն, և բաց թողեց նրան։
Արմենակը (մենք այսուհետև նորեկ երիտասարդին այսպես կկոչենք) իսկույն առավ նրա փոքրիկ, քնքուշ ձեռքերն և համբույրներով ծածկեց նրանց։
— Նո՛ւնե, ի՞նչպես ես,— կանչեց նա.— քանի՞ ժամանակ է չենք տեսել միմյանց, ամբողջ երկո՜ւ տարի... Եղբայրս ի՞նչպես է... փոքրիկ Հայկանուշն՝ ի՞նչպես. նա այժմ մեծացած կլինի...
— Ամենքս ողջ և առողջ ենք, Արմենա՛կ... դու ի՞նչպես ես... ի՞նչպես վերջացավ հարցաքննությունդ, ավարտեցի՞ր...
— Արդե՜ն, արդե՜ն, սիրելի Նունե... Արդեն թափեցի վրայիցս ուսանողական փոշին...
— Եվ այժմ համալսարանական ես և իրավաբա՜ն... Ա՜խ, ո՜րքան ուրախ եմ, Արմենակ... Ստեփաննոսն էլ ո՜րքան կուրախանա... Ա՜խ, երանի՜ փոքր-ինչ վաղ գայիր, նա գնաց դուրս... բայց ինչո՞ւ դու այդպես հանկարծ եկար և գալուդ մասին հեռագրով իմացում չտվիր, ինչպես այդ արել ես միշտ։
— Որովհետև ես կամեցա մեր տեսակցության այս քաղցր րոպեն ավելի քաղցրացնել և անցյալ տարվա ջիգրը հանել, որ այն ժամանակ չկարողացա գալ։ Եվ ահա երկու տարվա կարոտն ես այժմ եմ հանում... Ա՜խ, Նո՜ւնե, ո՛րքան գեղեցկացել ես այժմ, ո՛րքան քնքշացել ես,— վերջապես կանչեց նա հիացած, բռնած ունենալով նրա ձեռքերն և սիրով ու կարոտով նայելով նրա գեղաժպիտ աչքերի մեջ։
— Իսկ դու ավելի նիհարել ես, Արմենակ, երևի շատ էիր աշխատում։
— Օ՛հ, էլ մի՛ ասիր, Նունե. երևակայիր՝ վերջին տարին