Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո։ Եթե առանց նրան տեսնելու հեռանա ընդմիշտ, արդյոք դրանով գործն ուղղա՞ծ կլինի, արդյոք դրանով ամեն բան կվերջանա՞, թե դրանից մի ուրիշ, ոչ պակաս սարսափելի թշվառություն կծագի... Չէ՞ որ Էմման սիրում է նրան և սիրում է գուցե նրանից էլ վառ՝ բորբոքված սիրով, և այդ պատճառով անկասկած չէ՞, արդյոք, որ Զազունյանն իր հեռանալովն ահագին հարված կպատճառի նրա սրտին․․․ Եվ արդյոք Էմման կարո՞ղ է տանել այդ հարվածը... արդյոք հուսահատությունից նա որևէ դժբախտություն չի՞ բերի իր գլխին...

Զազունյանը ցնցվեց։

— Ահա թե վեպը որտեղից է սկսվում,— ասաց նա լսելի կերպով, անցնելով մի մութ փողոցով:

«Ոչ, անմտություն, մեծ անմտություն կլինի առանց նրան տեսնելու հեռանալ,— շարունակեց նա մտածել։— Պետք է, անպատճառ պետք է տեսնել նրան, առանձնապես տեսնել նրան, պետք է բացատրել նրան գործի դրությունը, պետք է բանալ նրա աչքերը, պետք է համոզել նրան, պետք է զգուշացնել նրան և այնուհետև... այո, այնուհետև համարձակ և հանգիստ խղճով կարելի է հեռանալ»:

— Վճռված է,— ասաց նա համարյա բարձրաձայն, շարունակելով առաջ անցնել։

«Բայց ի՞նչպես տեսնել նրան առանձին, ո՞րտեղ, ե՞րբ»․ մտածեց նա և շուտով հուսահատվեց, որովհետև այդ հարցերին ոչ մի բավարար պատասխան չգտավ։

— Տե՛ր աստված, ի՞նչ անեմ,— արտասանեց նա խորին տանջանքով և նրա մտքերն սկսեցին խճճվել։ Այժմ արդեն նա ամեն կողմից իրեն կաշկանդված էր զգում, ինչպես մի մարդ, որ ընկած է ձեռքն ու ոտքը կապկպված և ոչ մի հնար չի գտնում այդ կապանքից ազատվելու։

Սաստիկ հուսահատված՝ կեսգիշերին նա վերադարձավ հյուրանոց։

Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց։ Հետևյալ օրը՝ նույնպես։ Թե՛ մտավորապես և թե՛ ֆիզիկապես իրեն սաստիկ տանջված էր զգում։ Շատ մտածելուց նրա ուղեղը կատարելապես հոգնել և անընդունակ էր դարձել մի նոր բան մտածելու։ Ման էր գալիս շշմածի նման։ Դուրս էր գալիս