Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Փառք աստծո, որ այս անգամ դեպքը հանդիպեցնում է մեզ միմյանց շատ հաջող պայմաններում,— ասաց նա ֆրանսերեն, թեև սուր, բայց փոքր-ինչ խանձված ձայնով և կանգնեց նրա սեղանի առջև։

Զազունյանը գլուխը բարձրացրեց և մռայլ հայացքով լուռ նայեց նրան։

Զագորսկին ձեռքը տարավ դեպի գլխարկը և զինվորականի պատիվ տվեց նրան։

Զազունյանը գլուխն ամենևին չշարժեց։

Զագորսկին, ըստ երևույթին, բոլորովին ուշադրություն չդարձրեց դրա վրա։

— Թեև մենք մի քանի անգամ հանդիպել ենք միմյանց,— շարունակեց նա ռուսերեն,— բայց ամեն անգամ էլ դուք ինձ չտեսնելուն եք տվել։ Մի անգամ էլ, երևի սխալմամբ, դուք նայեցիք ինձ, ես ձեզ բարևեցի, բայց պատասխան չստացա, ինչպես այս րոպեիս, բայց ի սեր աստուծո, մի կարծեք, թե այդ բոլորը հիշեցնելով, իմ նպատակս է, թեկուզ անուղղակի, հանդիմանել ձեզ:— Քավ լիցի։ Ամեն մեկն իր անհատական իրավունքները և անբռնաբարելի կամքն ունի, այլապես մենք չենք ապրում մեր ժամանակներում։ Բացի դրանից, ամեն մեկն իր հասկացողությունն, իր համոզմունքն ունի իրերի, երևույթների վերաբերմամբ, սխալ, թե ուղիղ— այդ ոչ ոքի գործը չէ. այդ միայն իր գործն է. ամեն մեկն ինքն է իր արարքի պատասխանատուն։ Սկզբունքը շատ գեղեցիկ է, և ես մանավանդ հետևում եմ այդ սկզբունքին։ Դուք գիտեք, որ ես ազատամիտ մարդ եմ և ամեն բանի վրա նայում եմ անհատական իրավունքների տեսակետից, այդ պատճառով ես բոլորովին չեմ նեղանում, որ բարևիս չեք պատասխանում. այդ ձեր անհատական իրավունքն է, ձեր անբռնաբարելի կամքն է։ Բայց հարգելով ձեր այդ իրավունքը, ես առավել ևս պետք է հարգեմ իմ իրավունքը— պաշտպանելու ինձ ձեզ համար ուղիղ, բայց ինձ համար սխալ այն կարծիքի, գուցե և համոզման վերաբերությամբ, որ դուք հայտնի անցքի պատճառով կազմել եք իմ մասին։ Իմ նպատակս չէ փոխել իմ մասին ձեր ունեցած կարծիքը կամ համոզմունքը, որ, ինչպես ասացի, ձեզ համար ուղիղ է, բայց ինձ համար— սխալ, այլ այն, որ ինքս