Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ արդարացնեմ ձեր առջև և պաշտպանեմ իմ անհատական իրավունքները։ Հուսով եմ, որ դուք բարեհաճ կգտնվեք դեպի ինձ և շնորհ կանեք լսելու։ Թույլ կտա՞ք ինձ արդյոք նստել ձեր սեղանի մոտ։

Զազունյանը ձայն չհանեց։ Նույն մռայլ հայացքով նա նայում էր ուրիշ կողմ։

Զագորսկին մնաց կանգնած։

— Այդ էլ ձեր անբռնաբարելի իրավունքն է, որ ես նույնպես հարգում եմ,— ասաց նա բոլորովին չվրդովվելով։— Ես մի մազի չափ անգամ չէի նեղանալ և այն ժամանակ, երբ տեսնեի, որ ձեր այդ վարմունքը լոկ անքաղաքավարություն է։ Ճշմարիտ ջենտլմենն ամեն դեպքում մեծահոգի պետք է լինի և ամեն բանի մեջ պետք է գիտենա տակտով վարվել։ Ես կատարելապես հպարտանում եմ դրանով։ Այս ինքնագովություն չէ, այլ ճշմարտություն։ Ազնվությունը հենց նրա մեջն է, որ մարդ չի ծածկում այն, ինչ որ զգում և մտածում է։ Խավար մարդիկ միայն փախչում են լույսից։ Համարձակությունն ազնիվների բաժինն է։ Փոքրիկ, թշվառ մարդիկ միայն վախենում են։ Ես արբած եմ, բայց ի՞նչ ունիմ ծածկելու. առանց իմ ասելու էլ այդ երևում է։ Բայց խելքս կատարելապես գլխիս է։ Դուք ինձ ատում եք, արհամարհում եք և գուցե զզվում եք ինձնից, բայց այդ չեք ծածկում։ Ահա՛ ազնվություն։ Եվ ես, իբրև ճշմարիտ ջենտլմեն, հարգում եմ ձեզ դրա համար նույնչափ, որչափ որ կհարգեի, երբ տեսնեի, որ դուք ինձ սիրում և պատվում եք։

Նա վերցրեց գլխարկը, դրեց սեղանի շուրջը դրած աթոռներից մեկի վրա և, ծանր շունչ քաշելով, մի ձեռքով դիմհար տվեց աթոռի մեջքին, իսկ ոտներին Х-ի ձև տվեց։

— И так!— շարունակեց նա և լռեց,— գուցե դուք ինձ այժմ շատ անքաղաքավարի և կոպիտ եք համարում,— ասաց նա,— ես խանգարում եմ ձեզ հանգիստ ճաշելու, այսինքն ընթրելու, և ոչ մի բերան ներողություն չեմ խնդրում ձեզնից։ Ես իրավունք ունիմ ներողություն չխնդրելու, որովհետև դուք պարտավոր եք ինձ լսել։ Կրկնում եմ, ես ուզում եմ պաշտպանել իմ անհատական իրավունքներս ձեր դեմ։ Այնուամենայնիվ, դուք բոլորովին հանգիստ կարող եք անուշ