Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են միմյանց, բայց որովհետև պայմանները, որոնք— ի դեպ ասած— մեծ դեր են խաղում այսպիսի դեպքերում, ձեր օգտին են, այդ պատճառով իրավունքը ձերն է, ուրիշ խոսքով— այդ ձեր անհատական անբռնաբարելի իրավունքն է։ Այժմ— համոզմունքը։ Վերցնենք օրինակի համար, դարձյալ այս միևնույն սեղանը։ Դուք կարող եք ասել, որ այն փայտի նշանակությունը, որից շինված է այս սեղանը, է— ծառ լինել՝ երկրի առողջապահությանը նպաստելու համար կամ այրելու փայտ լինել՝ մարմինը տաքացնելու համար։ Այդ ձեր հայացքն է, ուրեմն և— ձեր համոզմունքն այս սեղանի վրա։ Իսկ ես կարող եմ ասել, որ այն փայտի նշանակությունը, որից շինված է այս սեղանը, եղել է և պետք է լիներ սեղան, վրան ճաշելու կամ զելտերյան ջուր խմելու համար։ Այս էլ իմ հայացքս է, ուրեմն և— իմ համոզմունքը։ Ուրեմն տեսնո՞ւմ եք, որ տարբեր հայացքներ ունենալով, տարբեր համոզմունքներ ունինք մենք այս միևնույն առարկայի վերաբերությամբ։ Ոչ ես գործ ունիմ ձեր համոզմունքների հետ, ոչ դուք— իմ համոզմունքների հետ, ուրիշ խոսքով— յուրաքանչյուրն ունի իր անհատական ազատ համոզմունքը։ Դրանք իմ հիմնական գաղափարներն են, որոնցով ես ղեկավարվում եմ կյանքի մեջ։ Դրանք, իմ համոզմունքներով, ավելի գործնական են, իսկ ես գործնական մարդ եմ։

Նա ափի վրա փոքր֊ինչ զելտերյան ջուր թափեց, մյուս ձեռքի ափով տրորեց և քսեց ճակատին։

— Չգիտեմ հայերդ ի՞նչպես, բայց կան ազգեր, որոնք չեն սիրում ֆրանսիացիներին,— դարձյալ շարունակեց նա։— Օրինակ՝ գերմանացիները։ Խոսքս այդ երկու ազգերի միջև գոյություն ունեցող, այսպես ասած, արենական թշնամությանը չի վերաբերում, որ հայտնի պատմական-քաղաքական անցքերի արդյունք է, այլ նրանց մտավոր և բարոյական կյանքին և հասկացողություններին։ Ի՞նչ է գերմանացին, և ի՞նչ է ֆրանսիացին։ Գերմանացին գաղափարի մարդ է, ֆրանսիացին՝ իրականության մարդ, ուրիշ խոսքով՝ գերմանացին իդեալիստ է, ֆրանսիացին— ռեալիստ, գերմանացին մետաֆիզիկ է, ֆրանսիացին... ի՞նչպես ասեմ․․․ նու, կյանքի մարդ է, եթե կարելի է այդպես ասել։ Ինքնըստինքյան հասկանալի է, թե ինչքան տարբերություն կա