Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, մի րոպե հանգստություն չունեի․․․ Բայց այդ մասին հետո, հետո։ Առայժմ... ա՜խ, փոքրիկ Հայկանուշիս ես խո բոլորովին մոռացել եմ, ո՞ւր է նա։

— Դայակի մոտ է... Ահա նա։

Այդ րոպեին դայակը՝ բռնած մի փոքրիկ, սիրուն, քնքշիկ աղջկա ձեռքից՝ ներս մտավ սենյակը։

Արմենակն երեխային տեսնելուն պես վազեց նրա առաջ և իսկույն առնելով նրան յուր գրկի մեջ, սկսեց համբուրել նրա փոքրիկ, քնքշիկ այտերը։ Երեխան իրեն հասակին հատուկ զարմացմամբ և հետաքրքրությամբ նայում էր նրա աչքերին, երևի, ինքն իրեն հարցնելով, թե ո՛վ է նա, որ իրեն այնպես համբուրում է։

— Որքան մեծացել է, Նունե... ինձ չէ ճանաչում չարը։ Հայկանուշ, ինձ չե՞ս ճանաչում. ես ո՞վ եմ։

Երեխան յուր խելացի աչքերը դարձրեց մոր վրա, կարծես նրանից հարցնելով, թե ո՞վ է նա։

— Արմենակը, Արմենակը, Հայկանուշ,— հասկացրեց նրան ժպտալով մայրը, որ մի տեսակ, մայրերին հատուկ հրճվանքով ու խանդով նայում էր նրան։

— Ալմա՞կը,— թոթովեց երեխան՝ դարձյալ նայելով Արմենակին։

— Հա՛, չար, Ալմակը,— կանչեց ծիծաղելով Արմենակը պինդ համբուրելով նրա վարդագույն այտից։— Այդպես շուտ սովորիր անունս։ Բայց սպասիր, մենք քեզ հետ ավելի մոտ կծանոթանանք. դեռ մի իրեղեններս ներս բերենք։ Առայժմ, սիրելի Նունե, ինձ մի սենյակ տուր, որտեղ ես կարողանամ կարգի դնել իմ իրեղեններս, դուրսը կառքի վրա են։

— Ահա տեսնում ես, Արմենակ, եթե առաջուց հեռագրով հայտնած լինեիր գալուստդ, այժմ արդեն սենյակդ էլ պատրաստ կլիներ, ու ամեն բան էլ։

— Ոչի՜նչ, մի անկյուն տվեք, այն էլ ինձ բավական կլինի։ Այնքան շատ բան չունեմ․ գրքերիս ճամպրուկն է ու անկողինս, ուրիշ ոչինչ։

— Ո՞ր սենյակը կամենում ես՝ վերցրու, Արմենակ։ Ստեփաննոսի ննջարանին կից սենյակն ավելի լավ է, եթե կամենում ես։