Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զազունյանը մոտեցավ նրան։

— Բայց նախքան այս նամակը ձեզ հանձնելը,— ասաց Զագորսկին նամակը ձեռքին պահելով,— ես ինձ ստիպված եմ համարում, իբրև ճշմարիտ ջենտլմեն, ապացուցել ձեզ իմ իրավունքները հայտնի անցքի վերաբերությամբ, որովհետև...

Զազունյանն անհանգստության մի շարժում գործեց։

— Խնդրեմ, խնդրեմ,— ասաց Զագորսկին։— Ես շատ մեղմ լեզվով կխոսեմ, որովհետև տեսա, որ դուք իմ գործածած «խլել» բառից շատ վրդովվեցիք, թեև այդ բառն իմս չէր, այլ... ձերը։ Այո, պարոն, իբրև ճշմարիտ ջենտլմեն, ես ինձ ստիպված եմ համարում ապացուցել ձեզ իմ իրավունքները հայտնի անցքի վերաբերմամբ, որովհետև տեսնում եմ, որ դուք, չնայելով իմ փոքր-ինչ առաջ տված հիմնավոր, մանրամասն բացատրություններին, դարձյալ ինձ բոլորովին չեք հասկացել և հայտնի անցքի, ուրեմն և ինձ վրա դեռ շարունակում եք նայել առաջվա հայացքով։ Շատ ցավում եմ, որ ինքներդ եք պատճառ դառնում ինձ ակամա երկար խոսելու, չնայելով, որ սկզբից ես ձեզ ասել էի, թե կարճ կկտրեմ։ Կրկնում եմ, իմ նպատակս չէ արդարացնել ինձ ձեր առջև, այլ այն, որ արդարացնեմ իմ իրավունքներս, և ձեր պարտականությունն է լսել ինձ։

Որքան էլ ծանր, որքան էլ անտանելի լիներ Զազունյանի համար այդպիսի մի ակամա խաղալիք լինել Զագորսկու ձեռքին, նա ստիպված էր եթե ոչ լսել, գոնե այնքան սպասել, մինչև որ կստանար նամակը։

— Խնդրեմ շնորհ արեք նստել,— ասաց Զագորսկին։

Զազունյանը շնորհ չարեց նստել, այլ մնաց կանգնած։ Լուռ ու մունջ նա նայում էր ուրիշ կողմը։

— Ձեր ազատ կամքն է,— ասաց Զագորսկին։— Այժմ արդեն ես շատ կարճ կկտրեմ։ Կխոսեմ միայն ընդհանուր գծերով։— Խոսքս բացառապես կնոջ մասին լինելով, պետք է ասեմ, որ ես կնոջ վրա առհասարակ նայում եմ օբյեկտիվ տեսակետից։ Կանանց էմանսիպացիայից հետո, այժմ, մեր Ժամանակներում, ծիծաղելի է, իհարկե, պաշտպանել նրանց իրավունքները։ Այդ այդպես։ Հետո— յուրաքանչյուր անհատի վրա ես նայում եմ իբրև մի ինդիվիդիումի վրա, այդ մեկ,