ձեզ հանձնելու, թեև առաջ էի ուզում հանձնել, այն ժամանակ, երբ ես ձեզ բարևում էի, բայց դուք ինձ... չէիք տեսնում։ Ես կատարեցի իմ պարտականությունս։ Իսկ այժմ— adieu. Je vous souhaite le bon soier.
Նա զինվորական պատիվ տվավ, երկարաճիտ կոշիկների կրունկները խփելով իրար զրնգացրեց խթանները, դարձավ, կանչեց դատարկ անցնող մի կառք, առանց շտապելու գնաց նստեց և հեռացավ։
33
Զազունյանը չիմացավ ինչպես հասավ հյուրանոց և բարձրացավ վերև։ Բաց արեց իր սենյակի դուռը, մտավ, մթության մեջ խարխափելով, մոտեցավ սեղանին և վառեց մոմը։ Մինչև մոմը պայծառ լույս կտար, նա վերցրեց ցիլինդրը, համարյա շպրտեց սեղանի վրա, հանեց վերարկուն, ձգեց աթոռի վրա և Զագորսկուց ստացած ծրարը մոտեցրեց լույսին։ Ծրարը պահված էր շատ մաքուր. կարծես հենց նոր էին փակել։ Նրա վրա ոչինչ չկար գրած։ Սև շրջանակը հանկարծ մի տեսակ ազդեց Զազունյանին։ Դողդոջուն ձեռքով պատռեց ծրարը, հանեց պոստի նույնպես սև շրջանակավոր ազնիվ թուղթը և կարդաց կնոջ, ըստ երևույթին, հմուտ, բայց թույլ ձեռքով գրած հետևյալ տողերը.
«Աղաչում եմ, նախքան կարդալը, մի պատռեք և դեն մի շպրտեք այս նամակը։ Այս տողերն ես գրում եմ մահվան անկողնում։ Ի՞նչ նպատակով։ Դուք կհասկանաք ինձ, եթե ձեզ ասեմ, որ ձեզ և Անուշիս թողնելով՝ ես ինձ կենդանի գերեզման դրի։ Ես սիրում էի նրան, բայց արդեն շատ ուշ էր, երբ իմացա, որ խաբվել եմ... Աստված նրա հետ։ Լսեցի Անուշիս մահը։ Ո՛չ, ո՛չ, երբեք մի կարծեք, թե անվանս և պատվիս հետ՝ ես ծախեցի և մայրական զգացմունքներս։ Այդ անկարելի է։ Աստծուն է միայն հայտնի, թե որքան ես տանջվել եմ... Կներե՞ արդյոք նա ինձ։ Հույս ունեմ, եթե միայն... դուք կներեք ինձ։ Վերջին և ամենաջերմ փափագս այդ է։ Այնուհետև ես հանգիստ կմեռնեմ օրհնելով ձեր անունը․․․»։
Նամակը ոչ ստորագրություն ուներ, ոչ թիվ և ոչ գրված էր, թե ում է ուղղված։