— Է՛մմա...— կրկնեց Զազունյանը,— մի՞թե այս երազ չէ։
— Երազ... о՜հ երազ...— Եվ Էմման իր սիրուն գլուխը, որից ընկել էր շալը, ավելի սեղմեց նրա կրծքին։
Զազունյանի ձեռքերն անզգայաբար գրկեցին նրա ճկուն իրանը, շրթունքները կպան նրա փայլուն մազերին։
Մի կարճ միջոց երկուսն էլ ոչ մի խոսք այլևս չկարողացան արտասանել։ Զազունյանն իր կրծքի վրա զգում էր Էմմայի դեմքի ջերմությունը, Էմման լսում էր Զազունյանի սրտի արագ զարկը։
Վերջապես կամաց-կամաց Զազունյանն սթափվեց, նա մի տեսակ անմիտ հայացքով նայեց շուրջը․ զգուշությամբ թողեց Էմմային և կամաց հեռացավ նրանից։
— Գնա՜ այստեղից, Էմմա,— ասաց նա խուլ ձայնով, աշխատելով չնայել նրան։
Էմման միայն անմեղ, անհուն երջանկությամբ ժպտաց և լուռ տարածեց դեպի նա իր դողդոջուն ձեռքերը, կարծես նրան դարձյալ իր գիրկն էր կանչում։
— Էմմա, գնա այստեղից,— կրկնեց Զազունյանը։
— Ո՞ւր։
— Ձեր տուն։
— Ինչո՞ւ։
— Ես վախենում եմ։
— Ո՞ւմից...
— Քեզնից... քեզնից... գնա։
— Արսե՜ն.․.
— Գնա, գնա, աղաչում եմ։
— Դու կփախչես։
— Ես քո ստրուկն եմ, է՛մմա։
— Կփախչես, կփախչես, Արսեն․․․ հազիվհազ գտել եմ քեզ...
— Է՛մմա, հավատո՞ւմ ես, որ ես սիրում եմ քեզ։
Էմման ձեռքերը տարածած մի քայլ առաջ վազեց։
— Ի՞նչ ասացիր... դու... ինձ... սիրում ես. ախ, աստված իմ, այս ինչ լսեցի... Իսկ էս քեզ ո՜րքան եմ սիրում...
— Ուրեմն գնա... այս անգամ գնա։
— Թող մի փոքր էլ մնամ, Արսեն։
— Չէ, չէ, Էմմա, աղաչում եմ, գնա, գնա, իսկույն։