թե ինչո՞ւ դու այնպես խույս էիր տալիս Զագորսկուց. դու մի՛ ասի ձեր մեջ մի այդպիսի բան է եղել... Բայց Զագորսկին, Զագորսկին... ի՞նչ կկարծեի, թե նա այդ աստիճան ստոր կերպով կվարվի քեզ հետ... Իսկ քո կինն էլ, բարեկամ, ինչպես երևում է, ներիր ինձ, լավ պտուղ չի եղել։ Ես Զագորսկուն այնքան չեմ մեղադրում, որքան նրան։ Եթե նա լավ...
— Ի սեր աստծո, Զաքար, թողնենք այս խոսակցությունը և մոռանանք ամեն բան,— ասաց Զազունյանը, վեր կենալով տեղից։ Նրա համար չափից դուրս անտանելի էր խոսել այդ մասին, մանավանդ Զաքարի հետ, որին բախտը, թեև իրենից այժմս ծածուկ, վիճակել էր նույն դերը կատարելու, ինչ դեր որ կատարում էր այդ բանում ինքը— Զազունյանը։
— Բայց մի բան,— ասաց Զաքարը։— Այս ե՞րբ է պատահել։
— Ի՞նչը, մահը... Անցյալ տարի...
— Անցյա՞լ տարի... Չէ, ես այդ չեմ ա...
— Ասացի թողնենք այս, թողնենք։
Կարճ ժամանակ լռություն տիրեց։
— Բայց դու ներո՞ւմ ես նրան,— հանկարծ հարցրեց Զաքարը։
— Ներում եմ։
— Անկե՞ղծ սրտով։
— Բոլորովին անկեղծ սրտով։
— Զաքարը դարձյալ կարեկցությամբ նայեց նրան։
— Խե՜ղճ Արսեն,— ասաց նա։
Զազունյանը հոնքերը կիտեց։
— Ինձ մի՛ խղճա,— խուլ ձայնով ասաց նա և հանեց սյուրտուկը, որպեսզի լվացվի։— Ժամը քանի՞սն է։
Զաքարը հանեց ժամացույցը և նայեց։
— Պահ, շուտով տասնևմեկը կլինի,— կանչեց նա անհանգստությամբ։— Ես պետք է գնամ ախր հիվանդանոց. քնելդ ինձ էժան չնստեց։ Շտապեմ։ Բայց, լսիր։ Արսեն, ինչ եմ ասում։ Ի սեր աստծո, գնա մեր տուն, ճաշին մեզ մոտ կլինես։ Այսօր, ինչպես տեսնում եմ, դու բոլորովին միտք էլ չունես մեկնելու։ Չէ՞: