պրծավ գնաց... մի՞թե դրանից դուրս աշխարհիս երեսին ուրիշ բան գոյություն ունի մեզ համար։ Երեկ գիշեր ինձ դրախտից դուրս արիր, ուղարկեցիր այս դժոխքը, հիմա դրախտն այստեղ ես բերել և դարձյալ ինչ֊որ հիմար բաներ ես հիշեցնում։
Զազունյանը բոլորովին սարսափած նայում էր նրան։
— Ուրեմն այդ ճշմարիտ է,— շշնջաց նա։
— Ի՞նչը։
— Որ երեկ գիշեր դու ինձ մոտ էիր։
— Ախ։ քեզ է՞լ այդ երազ է թվում,— կանչեց Էմման ուրախ կչկչալով։— Երևակայիր, ես էլ ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ, թե երեկ գիշեր քեզ մոտ էի, այնինչ, ախր, իսկապես քեզ մոտ էի։ Ի՞նչ էիր անում դու, երբ ես մտա քեզ մոտ... Ես ոչինչ, ոչինչ չեմ հիշում, միայն այն եմ հիշում, որ դու... վռնդեցիր ինձ։
Նա երեխայի նման խնդաց։
Զազունյանի լեզուն կարծես կապվել էր, նա միայն անթարթ նայում էր Էմմայի գեղեցիկ, չարաճճի դեմքին։
— Ի՞նչ ես ինձ այդպես նայում,— կանչեց Էմման, ավելի խնդալով։— Վա՜, մի՛ նայիր ինձ այդպես, ծիծաղս գալիս է...
— Բայց այն կեսգիշերին ինչո՞ւ եկար, Էմմա,— հարցրեց Զազունյանը, որ ինքն էլ չէր իմանում, թե ինչ է ասում։
— Ինչո՞ւ եկա,— դժգոհությամբ կանչեց էմման։— Ի՞նչ է նշանակում` ինչո՞ւ եկա։
— Այսինքն` ուզում եմ ասել՝ ինչպե՞ս եկար, ինչպե՞ս չվախեցար։
— Ախ, այդ էլ հարցնելու բան չէ։ Ի՞նչ է նշանակում` ի՞նչպես եկար, ի՞նչպես չվախեցար։ Մի՞թե դու ինձ այն դրության մեջ էիր ձգել, որ ես որևէ բանից վախենայի։ Եթե մինչև անգամ գիտենայի, որ ճանապարհին միլիոնավոր գազաններ կպատահեն, դարձյալ կգայի։ Երևակայիր, անցյալ օրը հանկարծ, անսպասելի կերպով հայտնում ես, թե մի կամ երկու օրից հետո, այսինքն` երեկ կամ այսօր անպատճառ պետք է հեռանաս այստեղից, ես խնդրում եմ, որ հեռանալուց առաջ այցելես մեզ, իսկ դու... Երեկ ամբողջ օրը սպասում էի, սպասում— ո՞ւր է... Այլևս համբերություն