կմնա՞ր, ինքդ ասա, այլևս կարո՞ղ էի համբերել: Չեմ կարող ասել, թե ինչպես տանջվում էի ես, որ մտածում էի, թե դու կարող ես, առանց ինձ տեսնելու, հեռանալ այստեղից կամ արդեն հեռացած կլինես։ Ես պարզապես խելագարված էի։ Կեսգիշերին ի՛նչպես եկա քեզ մոտ— ինքս էլ չգիտեմ, միայն երբ սենյակիդ դուռը բաց գտա և ներս մտնելով քեզ տեսա այնտեղ... Ա՜խ, եթե իսկույն մեռնեի էլ, միևնույնը կլիներ ինձ համար... Բայց ո՜րքան անխիղճ վարվեցիր դու ինձ հետ, Արսեն, հենց նոր մտել էի, իսկ դու իսկույն վռնդեցիր ինձ։
— Բայց ի՞նչպես հասար տուն,— հարցրեց Զազունյանը։
— Ի՞նչպես հասա... Թռա, ա՛յ, այնպես, ինչպես թռչում են ծտերը — թը՜ռռռ... Հավատա, ես թևեր ունեի... ինչպե՜ս թեթև թռչում էի։ Հիմա էլ կարող եմ թռչել, գիտե՞ս։ Կուզես, թռչեմ։
Իրավ, նա թռավ և փարվեց Զազունյանի վզովը։
— Է՛մմա, Է՛մմա,— դարձյալ սարսափած շշնջաց Զազունյանը և ազատվեց նրա գրկից։— Ի՞նչ ես անում։
— Թռչում եմ,— կանչեց Էմման կչկչալով։
— Բայց այդ թռիչքները շատ վտանգավոր են։
— Ի՜նչ անեմ... ես թևեր ունեմ և թռչում եմ․․․
— Է՜մմա...
— Ախ, անունս այդպես մի արտասանիր, չեմ սիրում... այ, այնպես խոսիր ինձ հետ, ինչպես ես եմ քեզ հետ խոսում։
— Այստեղ մարդ կարող է մտնել, Էմմա, քիչ հանգիստ։
— Ո՞վ կմտնի, ո՞վ կարող է մտնել... Թող թեկուզ հենց մտնեն, ի՞նչ է որ։
Զազունյանը բոլորովին շփոթվել էր, նա չգիտեր ինչպես հանգստացներ Էմմային, որը մի կատարյալ չարաճճի երեխա էր դարձել։
— Թե սիրում ես ինձ, Էմմա, հանգիստ,— կամաց արտասանեց նա։— Քո տեղ ես եմ վախենում։
— Վախենո՜ւմ... Տե՛ր աստված, սա միշտ տարօրինակ բաներ է ասում... Ի՞նչ է նշանակում՝ վախենում... մի՞թե