մենք որևէ բանից կարող ենք վախենալ, երբ միմյանց մոտ ենք։ Ո՞ւմից կամ ի՞նչից պետք է վախենանք։
— Մեր խղճից։ Էմմա, մեր խղ...
Էմման ձեռքով իսկույն փակեց նրա բերանը։
— Մի՛, մի՛,— կանչեց նա շնչասպառ,— այդ խոսքը չեմ ուզում․․․ Զազունյանը տեսավ, թե ինչպես նրա զվարթ, պայծառ, կենդանությամբ շնչող դեմքը մի ակնթարթում գունատվեց։
— Ուրեմն տեսնո՞ւ...
Էմման ավելի պինդ սեղմեց ձեռքը նրա բերանին։
— Լռի՛ր,— շշնջաց նա։— Ի՞նչ եմ անում դժոխքը, երբ դրախտի մեջ եմ... Լռի՛ր։— Նա ձեռքը հեռացրեց Զազունյանի բերանից և, դնելով իր շրթունքներին, շշնջաց.— սո՜ւ, սո՜ւ... Ի՞նչպես անցրիր գիշերը,— հանկարծ հարցրեց նա առաջվա ուրախ և զվարթ ձայնով։
Զազունյանը շատ տխուր նայեց նրան և նստեց։
— Շատ վատ,— ասաց նա ոչ իսկույն։
— Ախ, ինչո՞ւ այսօր շարունակ այդպիսի վատ բաներ ես ասում,— խիստ դժգոհությամբ կանչեց էմման։— Բայց ապա մեկ ասա տեսնեմ, թե ինչու գիշերը վատ պետք է անցկացնեիր.— հանկարծ ասաց նա, նստելով նրա կողքին, մոտիկ մի ուրիշի աթոռի վրա։
Զազունյանը դարձյալ նայեց նրան։
— Իսկ դու ի՞նչպես անցկացրիր,— պատասխանելու տեղ հարցրեց նա։
— Չէ, դեռ դու ինձ պատասխանիր, թե ինչո՞ւ գիշերը վատ պետք է անցկացնեիր։
— Որովհետև այն կեսգիշերին քեզ մենակ ճանապարհ դրի և չգիտեի, անվտա՞նգ տուն հասար, թե ոչ։
— Հա՜, հա՜, հա՜,— բարձրաձայն սկսեց ծիծաղել Էմման։— Ինչո՞ւ ինձ մենակ ճանապարհ դրիր։
— Խելքս գլխի՞ս էր։ Հետո, երբ հանկարծ հիշեցի, թե ի՛նչ աններելի սխալ եմ գործել, իսկույն խենթի նման դուրս վազեցի և եկա մինչև այստեղ, ձեր տուն։ Բայց էլ ինչ կօգներ. ոչ իմացա, թե դու անվտանգ տուն ես հասել, ոչ էլ իմացա, թե ճանապարհին քեզ որևէ վտանգ է պատահել, և այնպես էլ վերադարձա։ Ամբողջ գիշերն աչքս չեմ խփել։