Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո,— պատասխանեց նա, որպեսզի մի պատասխան տված լինի։

— Եվ միայն։

— Այո,— կրկնեց Զազունյանը բոլորովին շփոթվելով։

Էմման գունատվեց։

— Ուրեմն ինձ չե՞ս սիրում,— կամաց պատասխանեց նա։

— Էմմա,— զարմացավ Զազունյանը։

— Ուրեմն հիմա էլ չես սիրում, քանի որ այսօր պետք է հեռանայիր, այսօր պետք է հրաժեշտ տայիր ինձ,— շարունակեց Էմման, ավելի ու ավելի գունատվելով։

— Սուտ եմ ասում, Էմմա, սուտ եմ ասում,— ասաց Զազունյանը, նոր հասկանալով, թե ինչպիսի անմիտ պատասխաններ էր տվել նրան։— Ներիր ինձ, աղաչում եմ... Ես բոլորովին չմտածեցի, թե ինչ եմ ասում։ Կարո՞ղ էի միթե տեսնել քեզ վերջին անգամ և այն էլ հրաժեշտ տալու համար միայն։ Կարո՞ղ էի միթե այսպես շուտ հեռանալ քեզնից, քեզնից, որ ինձ համար ամեն ինչ ես։ Ո՞ւր կարող եմ գնալ ես այստեղից... կարո՞ղ եմ քեզնից հեռանալ... կարո՞ղ եմ ուրիշ տեղ ապրել առանց քեզ... Ախ, Է՛մմա, Է՛մմա, ինչո՛ւ ես ինձ այսպես տանջում,— վերջապես բացականչեց նա համարյա արտասվախառն ձայնով։

Էմման հանկարծ ամուր փաթաթվեց նրա վզովը և շրթունքները սեղմեց նրա շրթունքներին...

36

Ժամը երկուսին, երբ Զաքարը տուն եկավ, Զազունյանն արդեն գնացել էր։ Կինն իր սենյակումն էր։ Զաքարը գնաց նրա մոտ։ Երբ նա` իր սովորության համեմատ` արագ քայլերով մտավ կնոջ սենյակը, կինը նստած էր փոքրիկ թախտի վրա և երկու ձեռքով ամուր գրկած ասեղնագործ բարձը` մի տեսակ երջանիկ ինքնամոռացության մեջ այտը սեղմել էր նրա վրա։ Ամուսնու մտնելուն պես` նա սթափվեց և, առանց շտապելու բարձր դնելով իր տեղը, զարմացած, մինչև անգամ խստությամբ կամաց նայեց նրան։