տակ: Ինչպես երևում էր, քաղցր ցնորքները նրան շատ հեռու էին տարել, որովհետև չիմացավ, թե ինչպես մտավ Զաքարը։ Բայց հանկարծ տեսնելով նրան, վեր կացավ և նստեց։
— Ախր այսօր մի անսպասելի գաղտնիք իմացա, Էմմա,— ասաց նա խորհրդավոր ձայնով, նստելով նրա կողքին։
Էմման զարմացած և հետաքրքրությամբ, լուռ նայեց նրա դեմքին։
— Դու մի՛ ասի, Զազունյանը կին և զավակ է ունեցել,— ասաց Զաքարը։
— Ի՞նչ,— դուրս թռավ Էմմայի բերանից, և նա իսկույն գունատվեց ինչպես մեռել։
— Այո, կին և զավակ է ունեցել,— կրկնեց Զաքարը, կնոջ այդ բացականչությունն ու փոփոխությունը գաղտնիքի անսպասելիությանը վերագրելով։— Ահա թե ինչպես էր։
Եվ նա մի առ մի պատմեց, թե ինչպես այդ օրն առավոտյան Զազունյանի սենյակում սեղանի վրա գտավ հայտնի նամակը, պատմեց նրա բովանդակությունը և այն, ինչ որ լսել էր Զազունյանից։
Էմման լսում էր նրան ըստ երևույթին բոլորովին հանգիստ, մինչև անգամ սառնասրտությամբ։ Նրա գունատ, կարծես մեռած դեմքից բոլորովին ոչինչ չէր կարելի իմանալ, թե ինչ է կատարվում նրա մեջ։ Հոնքերը ցած թողած և քթածակերը լայնացրած՝ նա միայն շարունակ նայում էր հատակի մի կետի։
— Տեսնո՞ւմ ես, Զագորսկու և Զազունյանի մեջ ինչ բան է եղել, որի մասին մենք այնքան գլուխ էինք կոտրում և ոչինչ չէինք կարողանում իմանալ,— վերջացնելով պատմությունը, ասաց Զաքարը։— Ես բոլորովին չէի կարծի, թե Զազունյանը մի այդպիսի գաղտնիք կարող է ունենալ։ Խեղճն էլ ինչպես ծածուկ էր պահում մեզնից։ Խե՜ղճ Արսեն... շատ, շատ կոտրված է սիրտը։ Ուզում է բոլորովին մոռացության տալ, ինչ որ պատահել է, բայց ի՞նչպես կարելի է․ այդ այնպիսի բան է՞, որ կարելի լինի մոռանալ։ Ես շատ խղճում եմ նրան, շատ անբախտ մարդ է։ Դու մի ասիլ գլուխը ճանապարհորդության է տվել վիշտը մոռանալու համար։