Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշան չէր երևացել երբեք։ Ծնողների մահից հետո Ստեփաննոսն յուր հոգաբարձության ներքո էր վերցրել յուր կրտսեր եղբորը։ Ծնող հայրը չէր կարող այնպես հոգ տանել յուր հարազատ որդու դաստիարակության վրա, ինչպես այդ անում էր Ստեփաննոսը յուր կրտսեր եղբոր վերաբերությամբ։ Երբ Արմենակն ավարտեց գիմնազիոնը, Ստեփաննոսը, տեսնելով նրա մեջ սեր և ընդունակություն դեպի ուսումը, ուղարկեց նրան համալսարան՝ ուսումը շարունակելու իրավաբանական բաժնում։ Եվ այժմ, երբ մենք ծանոթանում ենք նրա հետ, ավարտել է ուսումը։

Ծառայի օգնությամբ նա լվացվեցավ. հետո հագուստը փոխեց և կես ժամից հետո՝ արդեն բոլորովին պատրաստ և հայելու առաջ կանգնած՝ սանրվում էր, երբ ներս վազեց տիկին Հարունյանը։

— Արմենա՛կ,— կանչեց նա,— վերջացրի՞ր, հագա՞ր... Եկ գնանք։ Ես քեզ կամենում եմ ծանոթացնել մեր այսօրվա թանկագին հյուրի հետ։

— Այդ ի՞նչ թանկագին հյուր է, Նունե։

— Իշխանուհի Սոֆիա Մելիքյան, եթե ճանաչում կամ լսել ես։ Նա մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում։

— Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն— հանկարծ զարմացմամբ կանչեց Արմենակը, որ, ըստ երևույթին, բոլորովին չէր սպասում այդ բանը։ Նա դադարեց սանրելուց և զարմանքից չռած աչքերով նայում էր յուր հարսի ժպտող դեմքին։

— Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն, ասում ես...

— Ի՞նչ պատահեց քեզ, Արմենակ,— պակաս զարմացմամբ չհարցրեց յուր կողմից տիկին Հարունյանը։— Ինչո՞ւ այդպես զարմանում ես... Այո՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյան։ Չլինի՞ թե բան գիտես նրա մասին...

— Բայց նա ո՜վ, մենք ո՜վ, որ մեր տուն հյուր է եկել։

— Նա իմ նախկին գիմնազիոնական ամենասիրելի ընկերուհին է։ Մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում յուր իշխան ամուսնու հետ, որ սրանից հինգ տարի առաջ մեռել է թոքախտից, իսկ այժմ եկել է այստեղ յուր կալվածքներն աչքի անցնելու։ Երեկ գիշերը թատրոնում անսպասելի կերպով