Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էմման ձայն-ծպտուն չհանեց։ Նստած էր նույն դրության մեջ, ինչպես առաջ։

Զաքարը նայեց նրան և այս անգամ կնոջ դրությանը բավական օտարոտի թվաց նրան։

— Ինչո՞ւ ես այդպես, Էմմա,— հարցրեց նա վախեցած։

— Ի՞նչպես եմ,— հանգիստ ձայնով ասաց Էմման, հայացքը կամաց դեպի նա դարձնելով։

— Դու, սաստիկ գունատ ես։

Էմման կամաց թիկն տվեց մութաքային։

— Ատամս շատ է նեղացնում,— ասաց նա նույն հանգիստ ձայնով։

— Դեղ դիր, սիրելիս, այդպես չի կարելի,— զգացված ասաց Զաքարը։— Գոնե ցավը փոքր֊ինչ կմեղմանա, եթե չի դադարի։

— Լավ, լավ, կդնեմ,— ասաց Էմման և փակեց աչքերը, ցույց տալու համար, որ իրեն հանգիստ թողնի։

— Ես իսկույն կբերեմ...

— Չէ, հարկավոր չէ, ես էլ ունիմ այստեղ.․․ միայն խնդրում եմ, ինձ հիմա հանգիստ թող։

— Հանգիստ թողնելով, հանգիստ կթողնեմ, միայն խնդրում եմ դեղն անպատճառ դիր, թե չէ՝ ցավն, ինչպես տեսնում եմ, չատ է ազդում քեզ։ Լսո՞ւմ ես, Էմմա, անպատճառ դիր․ ցավն իսկույն կմեղմանա։

Եվ Զաքարը դուրս գնաց կնոջ սենյակից։

37

Զազունյանը ոչ թե գործ ուներ և չսպասեց Զաքարի գալուն, այլ հեռացավ այն պատճառով, որ նրա համար այդ օրվանից չափից դուրս անտանելի էր տեսնել Զաքարին, խոսել նրա հետ, վայելել նրա ընկերական հյուրասիրությունը։ Ամեն անգամ, մանավանդ այդ օրը Էմմայից հեռանալուց հետո, Զաքարի մասին մտածելիս մի բան սաստիկ կրծում էր նրա սիրտը։ «Մի՞թե այս է խիղճը», մտածում էր նա։ «Եթե այս է, ապա անտանելի է... Ա՜խ, ինչպես կուզեի Զագորսկի լինել այս տանջանքը չզգալու համար... երջանիկ մարդ...»։ Զագորսկի լինելու միտքն ակամա հղանում էր նրա