Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխում, և նա հանկարծ ցնցվում էր։ «Մի՞թե», հարցնում էր նա ինքն իրեն։ Նա ամբողջ ժամերով ակամա խորասուզվում էր այդ մտքի մեջ, տեսնում էր, որ Զագորսկի լինելու ցանկությունը իր ներկա դրության մեջ հետևողական է, բայց իսկույն էլ ամբողջ հոգով վրդովվում էր, որովհետև այդ ցանկությունը հակասում էր նրա բարոյական հասկացողութուններին։ Իր դրության մասին նրա գլխում ծնվող թեր և դեմ մտածմունքները մի կատարյալ քաոս էին ներկայացնում։ Ո՞րն էր այդ քաոսից դուրս գալու ուղիղ ճանապարհը։ «Խիղճ»— հանկարծ կանչում էր նա, գյուտ արած մարդու նման։ «Հիրավի— մտածում էր նա— եթե մարդս իր արարքների վերաբերմամբ պետք է միայն չոր ու ցամաք, թեկուզ հենց շատ խելոք ուղեղով ղեկավարվի, հապա ինչո՞ւ բնությունը նրան խիղճ է տվել, որի ձայնը կասկածելի արարքների վերաբերությամբ միշտ հաղթող է հանդիսանում։ Ահա, ես այս րոպեիս զգում եմ այդ. մի՞թե այդ ճշմարիտ չէ: Ճշմարիտ է, և ես կհետևեմ խղճիս։ Կամ դեպի անկում, կամ դեպի հաղթանակ. երկուսից մեկը»։

Եվ ինչպես մի խեղդվող մարդ, որ գետի ալիքների մեջ մի փայտի կտոր է գտնում և ամուր կպչում նրանից, որպեսզի չխեղդվի, նույնպես և նա ամուր բռնեց այդ մտքից, մի հաստատ և որոշ ճանապարհ գտնելու համար։

Հետևյալ օրն առավոտյան նա գնաց Էմմայի մոտ այն մտքով, որ այդ օրն անպատճառ խոսի նրա հետ իրենց դրության մասին։ Նա դիտմամբ այնպիսի ժամանակ ընտրեց, երբ Զաքարը տանը չպետք է լիներ։ Եվ իրավ, Զաքարն արդեն մի ժամ առաջ դուրս էր գնացել տնից, պատվիրելով կնոջը, որ եթե Զազունյանը գա, ճաշին պահի, չթողնի գնալու։

Զազունյանը կարծում էր, որ Էմման այս անգամ էլ կընդունի իրեն նույնպես, ինչպես նախորդ օրը. այդ պատճառով վճռել էր, որ հենց առաջին րոպեից դիմադրի նրա փաղաքշանքներին, բայց՝ հակառակ նրա սպասածին, Էմման այս անգամ դիմավորեց նրան տխուր և գունատ։ Նրա դեմքի վրա, շարժումների և քայլվածքի մեջ երևում էր մի տեսակ սառն հանգստություն կամ ավելի ճիշտ է ասել՝ սառն գիտակցական վճռականություն։ Վերջին օրերը համարյա յուրաքանչյուր անգամ նա ներկայանում էր Զազունյանին հոգեկան