վրա էլ ընկնում է հանցանքը։ Զագորսկին իմ ընկերս էր՝ ինչ նշանակությամբ որ ուզում եք վերցրեք այդ, և նա չպետք է դավաճաներ ինձ...
— Բայց ձեր կինն առավել ևս չպետք է դավաճաներ ձեզ, քանի որ ձեր օրինավոր կինն էր, ընկերից էլ ավելի էր ձեզ համար,— զարմանալով ասաց Էմման։
— Ոչ, կնոջը դարձյալ ներելի է, որովհետև կինը թույլ արարած է։ Շատ անգամ հասարակ տպավորությունը նա սիրո տեղ է ընդունում և այդ պատճառով սխալանքի մեջ է ընկնում. բայց տղամարդին այդ երբեք ներելի չէ, որովհետև նա ավելի հեռատես և փորձված է։ Փոխանակ օգուտ քաղելու կնոջ թուլությունից, նրա պարտականությունն է վեհանձնորեն հեռանալ նրանից, հիշեցնելով նրան նրա ամուսնական պարտականությունները։
Եվ Զազունյանը այդ նյութի մասին երկար խոսելով, կամաց֊կամաց իրեն մեջ ձգեց, և ասաց, որ ինքը չկամենալով իր գաղափարին հակառակ գնացած լինել, պարտավոր է թողնել Էմմային և հեռանալ, որ ինքը պարտավոր է հիշեցնել Էմմային ամուսնական պարտականությունները։
Էմման նստած էր բոլորովին անշարժ. նա լսում էր Զազունյանին առանց ձայն-ծպտուն հանելու։ Նրա ամբողջ էությանը մի տեսակ մեռելային հանգստություն էր տիրել. միայն գունատ դեմքի վրա մի տեսակ մեղմ, դառն ժպիտ էր խաղում, որ լավ բան չէր գուշակում, և Զազունյանն զգում էր այդ, զգում էր և, զարմանալի է, տեսնում էր, որ իր խոսքերը մի տեսակ կեղծ են, սրտից չեն բխում, գուցե և սխալ են և չունեն այն ուժը, որ համոզեն Էմմային, և այդ բանը Զազունյանին ամոթ էր պատճառում։ Նա այլևս չկարողացավ շարունակել, հանկարծ լռեց և երկյուղով սպասում էր, թե Էմման ինչ պետք է պատասխանի իրեն։
Էմման լուռ էր։ Օտարոտի մեղմ ժպիտը չէր հեռանում, նրա դեմքից։
— Էմմա, մի՞թե ինձ հետ համաձայն չես,— իրեն ուժ տալով, կամաց հարցրեց Զազունյանը և կամաց թեքվեց դեպի նրա դեմքը։
— «Ահա, զարկում եմ այս ապառաժին, ուզում եմ ջուր,