Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի փխրուն արարած, որ եթե մի ուժ, մի միջոց ունի ապրելու և երջանիկ լինելու— այդ նրա սիրտն է. մի՛ փշրիր այդ սիրտը։ Ես քեզանից ոչինչ եմ ուզում, Արսեն, միայն մի՛ հեռանար ինձնից։ Աստված է վկա, ես չեմ կարող ապրել, եթե դու հեռանաս, ի՞նչպես կարող եմ, ինքդ ասա, ի՞նչպես կարող եմ, քանի որ սիրտս, հոգիս, ամբողջ էությունս անդառնալի կերպով քեզ եմ նվիրել։ Ա՜խ, Արսեն, տեսնո՞ւմ ես՝ ինչպես եմ աղերսում, քեզնից է միայն կախված ինձ երջանիկ անել, մի՛ զրկիր ինձ այդ ողորմությունից։ Ինչո՞ւ ես լռում, մի բան ասա, մխիթարիր ինձ, տեսնո՞ւմ ես, ինչպես եմ տանջվում։

Զազունյանը քնքշությամբ գրկեց նրան և վեր կացրեց։

— Էմմա,— արտասանեց նա միայն։

Այդ մի բառն այնպիսի քնքշությամբ, սիրով, անձնվիրությամբ էր արտասանված, որ Էմման շատ բան զգաց, հասկացավ դրանից և գոհ մնաց։ Նա իր սիրուն գլուխը կամաց դրեց նրա կրծքի վրա և արտասվալից աչքերն անհուն երջանկությամբ ձգեց նրա աչքերին։

— Կամ երկնային պատուհաս, կամ երջանկությո՞ւն,— հազիվ լսելի ձայնով հարցրեց նա։

— Կամ երկնային պատուհաս, կամ երջանկություն,— կարծես երազի մեջ արտասանեց Զազունյանը և աչքերը փակելով, շրթունքը կամաց սեղմեց նրա սպիտակ ճակատին։

38

Էմմայի վռնդելուց հետո Աննան ստիպված էր այլևս չգնալ նրանց տուն։ Նույն անկեղծ և նույն ջերմ զգացմունքով սիրելով իր վաղեմի ընկերուհուն, նա բոլորովին չէր նեղանում Էմմայի մինչև այդ աստիճան հասցրած կոպիտ վարմունքից, որովհետև այդ բանում մեղավորը ոչ թե նրան էր համարում, այլ իրեն։ Ինչո՞ւ։ Որովհետև նա շատ անտակտ, շատ անմիտ կերպով էր վարվել Էմմայի հետ․ շատ լավ հասկանալով, թե ինչպիսի համարյա ինքնամոռացության հասցրած զգացմունքով սիրում է Էմման Զազունյանին և կամենալով հեռացնել նրան այդ սխալ ճանապարհից, նա բոլորովին չէր մտածել, թե ինչպես վարվի նրա հետ, որպեսզի հասնի իր նպատակին։ Փոխանակ գուրգուրելու