նրան, ինչպես երեխայի, փոխանակ սիրով և քաղցրությամբ հասկացնելու նրան գործի դրությունը, որպեսզի այդպիսով հարկավոր թելերը բռնած ունենա իր ձեռքում, նա չկարողանալով զսպել իր տաքարյուն բնավորությունը, ուղղակի հենց առաջին քայլից հարձակվեց նրա վրա համարյա բռնի միջոցներով։ Այդ դեռ բավական չէր, նա գործը փչացրեց գլխավորապես այն բանով, որ չափից դուրս կատաղելով Զազունյանի դեմ, հենց ուղղակի իրեն— Էմմայի մոտ նրա հասցեին շատ վատ ածականներ սկսեց շռայլել։ Այդ արդեն չափից դուրս էր։ Էմման ի՛նչ ներեր, չներեր նրան, այդ բանն արդեն ոչ մի կերպ չէր կարող ներել։ Նա այնպիսի գաղափար չէր կազմել Զազունյանի վրա և այնպես չէր սիրում նրան, որպեսզի սառնասրտությամբ կարողանար լսել նրա մասին որևէ, թեկուզ հենց ամենաաննշան վատ խոսք։ Աննան այդ հետո հասկացավ, բայց արդեն ուշ էր, էլ ոչ մի կերպ չէր կարելի ձեռք բերել Էմմայի առաջվան սերն ու վստահությունը, մանավանդ որ նա կասկածում էր, թե Աննան նախանձում է իրեն Զազունյանի վերաբերությամբ և միայն այդ նախանձից դրդված է գործում։ Էմման այժմ ուղղակի ատում էր նրան, սակայն ատում էր չհասկանալով նրան։ Այդ ավելի դառն էր Աննայի համար, որ մի րոպե անգամ չէր դադարել նրան առաջվա նման սիրելուց։ Նա այժմ առավել ևս տանջվում էր այն գիտակցությունից, որ Էմման իր կույր սիրով իրեն անդունդ կգլորի: Ինչպե՜ս նա ցանկանում էր ուղղել իր սխալը... բայց մի՞թե այլևս ոչ մի հույս չկա, մի՞թե իսկապես Էմման անդառնալի կերպով կորած է նրա համար, մի՞թե այլևս չի կարելի նրան մոտենալ... Ի՞նչ անենք թե նա վռնդել է նրան իր տնից, այդ անելիս նա այնպիսի դրության մեջ էր, որ իր արածն ինքն էլ չէր հասկանում, ուրեմն մի՞թե դրանից պետք է հուսահատվել, գուցե նա այժմ զղջում էլ է, որ իր վաղեմի ընկերուհու հետ այդպես է վարվել։ Ինչո՞ւ չփորձի, չգնա նրա մոտ։ Գուցե այժմ ամեն ինչ կարելի է ուղղել․․․ Ավելի լավ չէ՞, որ փորձի:
Ի ներքուստ մի բան հանգիստ չէր տալիս Աննային։ Նա չէր կարողանում հաստատապես և միանգամից վճռել՝ գնա՞ Էմմայի մոտ, թե ոչ։ Վերջապես վճռեց, որ գնա։ Ինչ կլինի,