Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահեցի նրան ու խնդրեցի, որ այսօր մեր տուն շնորհ բերե, և նա այժմ եկել է։ Դու նրան ճանաչո՞ւմ ես, Արմենակ։

— Այո՛․․․ այնպես..․ Անունն այնտեղ շատ եմ լսել... նրան տեսել էլ եմ. բավական և, կարելի է ասել, անզուգական գեղեցկուհիներից մեկն է... Ամբողջ Պետերբուրգն, ինչպես ես էի լսում, հիացած էր նրա գեղեցկությամբ։

— Բայց ինչո՞ւ նրա անունը լսելուն պես դու այնպես զարմացար։

— Իհարկե կզարմանայի, ես բոլորովին չէի կարծում, որ նա այստեղ է կամ կարող է այստեղ լինել, մանավանդ, երբ դու ասացիր, որ նա քո նախկին ամենասիրելի ընկերուհին է և այժմ մեր տանն է։

— Այո՛, մեր տանն։ Դե՛հ, շուտով վերջացրու, և գնանք․ նա սպասում է։

Արմենակն արդեն վերջացրեց, հագուստն ուղղեց և առնելով յուր հարսի թևը, դուրս գնաց նրա հետ։

Իշխանուհի Մելիքյանը կանգնած էր սեղանի մոտ և ալբոմը ձեռքին թերթում էր, երբ տագր ու հարս ներս մտան հյուրասենյակը։ Նրանց մտնելուն պես իշխանուհին վայր դրեց ալբոմը և շուռ եկավ։

Տիկին Հարունյանն Արմենակին ներկայացրեց իշխանուհուն, որ, ըստ յուր սովորության, պենսնեի միջից նախ լավ զննեց յուր նոր ծանոթին։

— Կարծեմ, ես ձեզ տեսել եմ,— ասաց նա յուր մշտական սիրալիր ժպիտով և ավելի խոր նայելով Արմենակին։— Ձեր դեմքը ինձ ծանոթ է թվում։

— Շատ կարելի է, իշխանուհի,— պատասխանեց Արմենակը, փոքր-ինչ շփոթվելով նրա սուր, թափանցող հայացքի տակ,— որովհետև ես ևս ձեզ տեսնելու պատիվն եմ ունեցել։ Դուք ինձ տեսած կլինեք Պետերբուրգում Պետրովների հետ...

— Պետրովների՞... այսինքն դուք ուզում եք ասել Պետրովի հետ, գվարդիայի կապիտան Պետրովի հետ,— հարցրեց շտապով իշխանուհին, որի դեմքի վրայով, Պետրովներ անունը լսելուն պես՝ բարկության արտահայտության նման մի բան վազեց։