— Եթե մաման կթողնի, ինչո՞ւ չեմ գա,— պատասխանեց երեխան։
— Ես իսկույն մամային կասեմ,— ասաց Աննան և գնաց դեպի Էմմայի սենյակը։ Նա ներս չմտավ և դռան ճեղքից կանչեց.— է՛մմա։
— Ի՞նչ է,— լսվեց ներսից Էմմայի ձայնը։
— Չե՞ս թույլ տա Արամիկին մի-երկու օրով տանեմ ինձ մոտ,— հարցրեց Աննան։
— Խնդրիր Զաքարին. եթե թույլ կտա, տար։
«Ո՛չ, չեմ տանի», ինքնիրեն ասաց Աննան կատաղած։ «Թող այդ երեխան միշտ աչքի առջևը լինի և գոնե դրա անմեղությունը զարթեցնի նրա խիղճը, տանջի, չարչարի նրան»... Նա գնաց Արամիկի մոտ։
— Սիրելիս, այսօր կաց, ես քեզ ուրիշ անգամ կտանեմ, հա՞,— ասաց նա։
— Երբ որ կտանեք, ես այն ժամանակ կգամ,— պատասխանեց երեխան։
Աննան այլևս երկար չմնաց և գնաց։
«Գնա՛, թշվառական, գնա՛, գլորվիր կորստյան անդունդը, խրվիր ցեխի մեջ— դու արժանի ես դրան, երբ ինքդ հեռացնում ես քեզնից քո անկեղծ բարեկամներին։ Այն սրիկան քեզ լավ է գտել, այլևս քեզ խղճացող չկա, սաստիկ վիրավորված սրտով ասաց նա և այդ օրից արդեն իսկապես ոտը կտրեց Մարկոսյանների տնից։
Անցավ մոտ մի ամիս։
Աննան մի քանի մանր-մունր բաներ գնած՝ փողոցից վերադառնում էր տուն։ Ճանապարհին պատահեց նրան Զաքարը, որ կառքով ուր-որ գնում էր։ Նա տեսավ Աննային, կառքն իսկույն կանգնեցնել տվեց, շտապով իջավ և վազեց դեպի նա։
— Տիկին Աննա,— բացականչեց նա։— Ինչքա՜ն ուրախ եմ, որ պատահեցի ձեզ։ Այս րոպեին մտածում էի, որ տուն հասնելուս պես ծառային ուղարկեմ ձեզ կանչելու: Այս