Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ է պատահել, ինչո՞ւ դուք մեզ մոռացել եք։ Զարմացել, ապշել եմ, թե այդ ի՛նչ տարաձայնություն է եղել ձեր և Էմմայի միջև, որ դուք այլևս չեք ուզում մեր տուն գալ։ Ես խո գիտեմ, որ դուք կռվել եք միմյանց հետ։

— Ի՞նչ եք ասում, ո՞վ է կռվել,— զարմացած և վախեցած ասաց Աննան։

— Գիտեմ, գիտեմ, ինձնից իզուր մի՛ ծածկեք,— ասաց Զաքարը հառաչելով։— Կռված որ չլինեք, այդպես հեռու չեք փախչի մեզանից։ Բայց թե աստված կսիրեք, տ․ Աննա, ասացեք, ի՛նչ է պատահել։ Այն օրից, ինչ դուք հեռացել եք մեր տնից, Էմման էլ իր հալին չէ․․․

— Ի՞նչ է, ի՞նչ է պատահել,— վախեցած հարցրեց Աննան։

— Ոչ, մի վախենաք, հիվանդ չէ, այլ․․․ մի շատ տարօրինակ դրության մեջ, որ ինձ բոլորովին զարմացրել է։ Երևակայեցեք — ամբողջ օրը փակված է իր սենյակում․ ոչ ինքն է այնտեղից դուրս գալիս, ոչ ինձ է ուզում ընդունել։ Հարցերիս մի այնպիսի չոր ու ցամաք պատասխաններ է տալիս, որ կարծես աշխարհիս բոլոր թշվառությունն ես նրա գլխին եմ թափել։ Էլ ոչ տանն է նայում, ոչ այն խեղճ երեխային։ Ինչո՞ւ, ի՞նչ է պատճառը, ի՞նչ է պատահում նրան, էմման այդպե՞ս․․․ ախր անհավատալի է, ես ճանաչում եմ Էմմային, նա չի կարող այդպես լինել... բայց ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ.․․ Չգիտեմ, ճշմարիտ, ինչ անեմ․ ես բոլորովին հուսահատվել եմ։

Աննան խղճահարությամբ նայում էր նրան։ Նրան թվում էր, թե այդ ուրախ և անհոգ մարդն այդ մի ամսվա մեջ մի քանի տարով ծերացել է։

«Խե՜ղճ մարդ, եթե գիտենաս, թե ինչ է պատճառը», մտածեց նա։

— Հենց հիմա տուն հասնելուն պես ուզում էի ուղարկել ձեր ետևից, որպեսզի խոսեմ ձեզ հետ այդ մասին,— շարունակեց Զաքարը։— Ես գիտեմ, որ ձեզ անպատճառ հայտնի պետք է լինի, թե ինչ է պատահում Էմմային, որովհետև, կրկնում եմ, այն օրից, ինչ դուք հեռացել եք մեր տնից, նա այդպես դառավ. ուրեմն ես կարծում եմ, որ այդ բանը մեծ կապ պետք է ունենա ձեր տարաձայնության հետ։