Խնդրում եմ, աղաչում եմ, տ. Աննա, ասացեք ինձ ճմարիտը, ինչո՞ւ է Էմման այդպես փոխվել։ Գիտե՞ք ինչ եմ կարծում,— կամաց, կարծես մեծ ջանք անելով, արտասանեց նա, կարճ լռությունից հետո։— Ես կարծում եմ... որ նա... անտարբեր չէ դեպի... Զազունյանը...— Նա ցնցվեց և համարյա սարսափած հանկարծ նայեց Աննայի դեմքին։
Աննան սաստիկ վախեցավ և շփոթվեց։
— Ի՞նչ եք ասում, ի՞նչ,— կանչեց նա։
— Հապա՞, հապա՞, ճշմարիտ չէ,— անհամբերությամբ հարցրեց Զաքարը։
Աննան այս անգամ իրեն սաստիկ զարմացած ձևացրեց։
— Պարոն Զաքար, այդ դո՞ւք եք,— ասաց նա։— Մի՞թե Էմմայի վերաբերմամբ կարելի է այդպիսի կասկածներ տանել։ Ամոթ է։ Հավատացեք, ես այդ բոլորովին չէի սպասում ձեզնից, ոչ, չէի սպասում։ Էմմայի տեղ դուք ի՛նձ վիրավորեցիք, ի՞նչպես կարելի է։
— Ի՜նչ անեմ, տ. Աննա, որ կան բաներ, որոնք հաստատում են իմ այդ կասկածը,— հուսահատությամբ ասաց Զաքարը։
— Լռեցեք, թե աստված կսիրեք, ես ձեզ չեմ կարող լսել։ Ես զարմանում եմ, թե ինչպես դուք ձեզ համար ստորություն չեք համարում այդպիսի կասկած տանել Էմմայի վրա. մարդ ու կին այսքան տարի հաշտ ու սիրով ապրել եք միմյանց հետ, իսկ հիմա հանկարծ— անտարբեր չէ դեպի Զազունյանը.․․ ի՜նչ լավ գնահատում եք կանանց։
— Տե՛ր աստված... Հապա ի՞նչ անեմ, ի՞նչ։
— Հապա ի՞նչ անեմ, ի՞նչ,— ծաղրեց Աննան։— Այն արեք, որ տղամարդ եղեք և ոչ թե երեխա։ Դուք ինքներդ երեխայություններ եք անում և դեռ նեղանում եք, որ ձեզ երեխայի տեղ են դնում։ Ապա այդ ի՞նչ կասկածելու բան է, որ կասկածում եք։ Չե՞ք ճանաչում Էմմային, չե՞ք ճանաչում հենց իրեն— Զազունյանին, որ նրա վրա էլ մի այդպիսի ստվեր եք ձգում։ Դուք ինքներդ ձեր բերանով գովում եք նրան, երկինք եք բարձրացնում և հանկարծ— մի այդպիսի կասկած... հետևողական եղեք, պ. Զաքար։