Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա հանկարծ դարձավ և կանչեց Զաքարի ետևից, որ գնում էր կառքը նստելու։

— Պ. Զաքար, վաղո՞ւց է, ինչ Զազունյանը հեռացել է։

— Ո՞րտեղից է հեռացել, նա դեռ այստեղ է,— տխուր կերպով ասաց Զաքարը։

— Դեռ այստե՞ղ է,— սաստիկ զարմացավ Աննան։

Զաքարը նայեց նրան և հառաչեց։

— Տեսնո՞ւմ եք,— ասաց նա,— դուք էլ եք զարմանում... ուրեմն...

— Պ. Զաքար,— ասաց նրան Աննան։— Դուք դարձյալ ձերն եք ասում... այդ հիմար կասկածը, ասում եմ, հանեցեք ձեր գլխից: Ես զարմանում եմ նրա համար, որ նա ասում էր, թե շուտով հեռանալու է այստեղից և դեռ մինչև օրս այստեղ է։

— Հա, ինչո՞ւ է այստեղ, ինչո՞ւ է այստեղ,— շտապով վրա բերեց Զաքարը, և նրա բարի դեմքը շատ չար արտահայտություն ստացավ։

— Ձեր կամքն է, երբ դուք ինձ չեք ուզում լսել։ Ես այլևս ձեզ համար ոչինչ չեմ կարող անել։ Մնացեք բարև,— ասաց դժգոհությամբ Աննան և ուզում էր հեռանալ։

Զաքարը շտապեց դեպի նա և պահեց նրան։

— Էլ չեմ անի, տ. Աննա, էլ չեմ անի,— մեղավոր երեխայի նման ասաց նա։— Ես, ահա, ամեն ինչ հանում եմ գլխիցս և ոչինչ չեմ ուզում գիտենալ, միայն թե դուք արեք այն, ինչ որ այս րոպեին խոստացաք։

— Ուրեմն գնացեք ձեզ համար հանգիստ, հանգիստ ճաշեցեք և հանգիստ էլ քնեցեք։ Գնացեք։

— Ուրեմն... հույս ունենա՞մ։

— Կատարելապես։ Գնացեք։

Զաքարն անհուն շնորհակալությամբ կրկին անգամ սեղմեց նրա ձեռքը, և նրանք բաժանվեցին միմյանցից։


40

«Ա՜, ուրեմն դեռ այստեղ է այն սրիկան, դեռ այստեղ է այն անբարոյականը»,— մտածում էր Աննան հեռանալով Զաքարից: «Դեռ շարունակում է ալեկոծել այս խեղճ մարդու