Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունն ու ընտանիքը... Ա՜խ, ոչինչ չեմ ուզում, միայն թե դրա դատաստանն ինձ տային։ Եվ ի՛նչպես նրա լեզուն կրակ չէր դառնում և չէր այրում նրա բերանը, երբ ասում էր — և ասում էր ի՞նչպես— որ մարդկությունը դեպի բարոյական վերածնություն է գնում... այն մարդկությունը, որ քեզպեսներից է բաղկացած, այ դու թափառական սատանա... Ահա անմեղ և միամիտ մարդկանց ինչպես են խաբում, ինչպես են խելքից հանում այդ կեղծավորները, այդ եզվիտները, այդ, այդ... գայլերը գառան մորթով... Ը՛հ, թե այս երկու օրն ես քո ոտն այստեղից չեմ կտրի— կտեսնես, պ. Զա․․․ Զահրումարյան... Էմման ինձ մեղադրում էր, որ իբրև թե ես եկել, քեզ խայտառակել եմ, որ կորչես այստեղից, բայց հիմա կտեսնես, թե ինչպես կխայտառակեմ և ինչպես կվռնդեմ քեզ այստեղից... կտեսնես, կտեսնես...»։

Եվ նա մտքումը դրեց հետևյալ օրն ևեթ գնալ Զազունյանի մոտ։ Նա գիտեր ո՛ր հյուրանոցումն է նա իջած։

Եվ գնաց։

Հյուրանոցի մուտքի մեջ կախած գրատախտակի վրա կարդալով Զազունյանի ազգանունը և նրա բռնած սենյակի համարը, նա բարձրացավ վերև։ Երեկո էր։ Զազունյանն այդ ժամանակ, նրա կարծիքով, տանը պետք է լիներ։ Եվ իրավ, սենյակի դուռը բաց էր։ Նա համարձակ ներս մտավ։

Զազունյանը նստած էր գրասեղանի առջև և ինչ-որ գրում էր. նա այնպես անձնատուր էր եղել դրությանը, որ փոքր-ինչ ուշ իմացավ, թե մեկը մտել է։ Ըստ երևույթին, միանգամից չկարողանալով իրեն պաշարած մտքերից սթափվել, նա նախ անմիտ հայացքով կամաց նայեց Աննային, հետո գրիչը վայր դրեց և մեքենայաբար վեր կացավ։

Աննան նրա մոտ գալիս էր բոլորովին կատաղած, բայց այժմ իր առջև տեսնելով նրան, ինքն էլ չիմացավ, թե ինչու փոքր-ինչ կակղեց։ Սակայն, այնուամենայնիվ, նա դարձյալ սիրտ առավ։

— Ես ինձ իրավունք եմ համարում, պարոն,— ասաց նա,— ուղղակի ներս մտնել ձեզ մոտ և անհանգստացնել ձեզ, որքան էլ ձեզ այդ կոպիտ և վայրենի վարմունք թվա։ Ես ուրիշ կերպ չէի կարող անել, ես ստիպված եմ այսպես անել։ Ես ուզում եմ խոսել ձեզ հետ մի բանի մասին։