Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տիկին, իզուր դուք մոռանում եք, որ իմ տանս եք գտնվում և կին եք,— այս անգամ սառն հանդարտությամբ ասաց նա։

— Սխալվում եք, պարոն, ես ձեր տանը չեմ գտնվում, այլ այն մարդու տանը, որ իրեն անկեղծաբար սիրողների և հավատ ընծայողների շրջանում «ազնիվ» և «առաքինի» մարդու հռչակ է հանել և որը քարոզում էր, թե մարդկությունը դեպի բարոյական վերածնություն է գնում։ Հիշո՞ւմ եք այդ մարդուն։ Ահա, ես այդ մարդու տանն եմ գտնվում այժմ, և դա իրավունք չունի ինձ այստեղից վռնդելու։

Զազունյանի դեմքին մի չարագուշակ ժպիտ երևաց, այդ ժպիտը սրտի խորին վրդովմունքն էր արտահայտում։ Բայց նա լուռ մնաց։

— Դուք մի ամբողջ ընտանիք թշվառացրիք, մի ընտանիք, որ այսքան ժամանակ ապրում էր հաշտ և սիրով, խոսքն առաջ տարավ Աննան։— Ի՞նչ կա ավելի սրբազան, ավելի նվիրական աշխարհիս երեսին, քան ընտանիքը, և դուք, որ ամեն սրբության և նվիրականության պաշտպան և պաշտող էիք ցույց տալիս ձեզ, այդ ընտանիքի հիմքն ինքներդ քանդեցիք։ Դուք ձեր բարեկամին, ձեր ընկերոջը դավաճանեցիք, նրա հյուրասիրությունը ոտնակոխ արիք։ նա ամենայն անկեղծությամբ սիրում և հավատում էր ձեզ, իսկ դուք ինչո՞վ վարձատրեցիք նրան։ Գիտեք, թե մի այնպիսի մարդու համար այդպիսի հիասթափությունն ինչ արժե... Դուք ինքներդ էիք ասում, որ յուրաքանչյուր մարդ խիղճ ունի, բայց ո՞ւր է ձեր խիղճը։

Նա լռեց, բայց Զազունյանն սպասում էր նրա խոսքի շարունակությանը։ Աննան զգաց, որ նրա լռության և հայացքի մեջ մի զորավոր բան կա, որ հաղթում է իրեն, այնուամենայնիվ նա շարունակեց.

— Այժմ ես եկել եմ, պարոն, ձեզ հիշեցնելու, որ դուք, եթե իսկապես ազնիվ մարդ եք, կատարեք ձեր խոսքը և հեռանաք այստեղից։ Ես այդ չեմ խնդրում ձեզնից, այլ ուղղակի պահանջում եմ, որովհետև դուք հասուն, խելոք մարդ եք և ոչ թե անմիտ երիտասարդ, և սերը չի կարող ձեզ արդարացնել։ Մինչև հիմա ես ավելորդ էի համարում իմ միջամտությունը, բայց տեսա, որ սխալվել եմ։ Ուրեմն՝ եթե ձեր մեջ