Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զազունյանը ատամները սեղմած՝ հրացայտ աչքերով նայեց նրա ետևից, ատամների միջից ինչ-որ արտասանեց և ոտը այնպիսի անզուսպ ուժգնությամբ խփեց հանդիպած աթոռին, որ աթոռը մի քանի քայլ հեռու գլորվեց հատակի վրա։

Նա մի կարճ միջոց անսովոր արագ քայլերով շարունակեց ետ ու առաջ անցնել սենյակում, հետո մոտեցավ գրասեղանին, նստեց, առավ գրիչը և ուզեց շարունակել գրությունը, բայց այն աստիճան վրդովված էր, որ չկարողացավ շարունակել. նա գրիչը վայր ձգեց, նորից վեր կացավ, ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց։

41

Աննան Զազունյանի սենյակից և հյուրանոցից դուրս եկավ բարոյապես վերին աստիճանի հուզված։ Վճռելով գնալ Զազունյանի մոտ, նա երբեք մտքովն անգամ չէր անցկացրել, թե այդ մարդը պաշտպանվելու այնպիսի զորեղ զենք կարող է ունենալ, որպիսին է ուրիշի գործին խառնվելու իրավունք չունենալը. նա զգում էր, որ դրանով Զազունյանը կատարելապես զինաթափ էր արել իրեն. ինչքան էլ ինքը համոզված լիներ, որ իր նրա վրա արած հարձակումը կատարելապես արդարացի էր։ Բայց մանավանդ նրան խիստ շփոթել և օտարոտի դրության մեջ էր ձգել Զազունյանի այն ակնարկը, թե նա— Զազունյանը հասկանում է պատճառը, որից դրդված ինքը— Աննան հենց սկզբից շարունակ հետամուտ է լինում նրան... «Ի՞նչ էր ուզում դրանով հասկացնել», մտածում էր նա․ միաժամանակ ակամա երևակայելով Զազունյանի այն խորհրդավոր տոնը, որով նա արավ այդ թափանցիկ ակնարկը։ «Որ ես նախանձո՞ւմ եմ Էմմային և նույնպես անտարբեր չե՞մ դեպի ինքը, իսկ իրեն հետամուտ լինելու պատճառը անուշադրության մատնված սե՞րս է... Բայց ճի՞շտ է այդ...»։ Նա չէր ուզում ինքն իրեն պատասխանած լինել ճիշտ է այդ, թե ոչ, միայն այդ մասին մտածելիս չարագուշակ կերպով ժպտում էր, և զգում էր, որ Զազունյանին երբեք այնպես չի ատել, ինչպես նրա այդ ակնարկը լսելուց հետո։ Նա ակամա ամբողջ օր ու գիշեր շարունակ