Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դատել Աննայի վարմունքը, քննել նրա իրեն ասած խոսքերը։

Մեղավո՞ր է արդյոք Աննան։

Ինչքան էլ Զազունյանը համոզված լիներ, որ Աննայի իր դեմ թշնամական դիրք բռնելու պատճառը նրա անուշադրության մատնված վիրավորված սերն էր, այնուամենայնիվ, նա չէր կարող չհասկանալ, որ դրանով չէին կարող ջրվել Աննայի իր երեսին շպրտած խոսքերը։ Բայց նախ, Աննան չէ, առհասարակ ամեն մի կողմնակի մարդ իսկապե՞ս արդյոք իրավունք չունի խառնվելու ուրիշի գործերին, եթե դա իրավական օրենքով անթույլատրելի է, բարոյական վարդապետության օրենքով է՞լ, արդյոք, անթույլատրելի է, իսկ բարոյական վարդապետությունը մի՞թե ընկերասիրության վրա չի հիմնված, որին միշտ հետևել և ուզում է հետևել հենց ինքը— Զազունյանը. ուրեմն իրավո՞ւնք ուներ վիրավորվելու Աննայից, երբ նա, իբրև զուտ մարդ և ընկեր միջամտում և ուզում էր դատավոր կանգնել նրա գործին։ «Ոչ,— պատասխանեց Զազունյանը, մեքենայաբար կանգ առնելու նեղ մայթի վրա, որպեսզի ճանապարհ տա անցնելու մի կնոջ, որը դիմացից գալիս էր, ըստ երևույթին իր ամուսնու հետ թևանցուկ։— Բայց վիրավորվեցի։ Ինչո՞ւ,— հարցրեց նա, ճանապարհը շարունակելով։— Որովհետև նա ինձ հետ շատ անվայել լեզվով խոսեց, մինչև անգամ, եթե ես իսկապես այնպիսի մարդ էլ լինեի, ինչպիսին որ նա համարում է ինձ, դարձյալ իրավունք չուներ այնպիսի լեզվով խոսելու... Սակայն նա, ինչպես ինքն ասաց, ուրիշ կերպ չէր կարող խոսել ինձ հետ... և եթե ես որևէ բանի համար մեղավոր եմ, ապա մեղավոր եմ նրանով, որ վիրավորվելու և հարձակվելու տեղ, պետք է խղճայի նրան»։

Այդ րոպեին նրա ուշադրությունը ակամա գրավեց մի փոքրիկ չարաճճի շուն, որ փողոցով սրընթաց անցնող մի կառքի առաջ կողքե կողք վազելով սաստիկ հաչում էր ձիերի վրա։ Զազունյանը մինչև անգամ կանգ առավ և սկսեց նայել այդ տեսարանին։ Շունն այն աստիճան մոտիկ էր վազում ձիերից, որ հանկարծ ձիերից մինի ոտը կպավ նրան, նա սաստիկ ճղավեց և թավալգլոր ընկավ, ձին երկու ոտով և կառքն երկու անիվով անցան նրա վրայով, և նա նույն րոպեին