Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ հարցին պատասխանել։ «Օ՜ֆ», կարծես տենդի մեջ հառաչեց նա, ձեռքով խփեց ցիլինդրի շրջապատին և ցիլինդրն աչքերի վրայից ճակատի վրա ձգեց։ «Անտանելի՜ է, անտանելի՜», շարժեց նա գլուխը և այլևս ոչինչ չուզեց մտածել։ Մտքերն ու զգացմունքները սաստիկ հուզում էին նրան, և նա կարծում էր, թե ինքն ընկած է մի փոթորկահույզ ծովի մեջ, որի ալիքները զարհուրելի արագությամբ պտտեցնում են իրեն և նույն արագությամբ անդունդն են տանում։

Նա բոլորովին չիմացավ, թե ուր գնաց, ինչ արեց, միայն կեսգիշեր էր արդեն, որ վերադառնում էր իր սենյակը։ Արագ քայլերով Միքայելյան փողոցի մի կողմից մյուսն անցնելիս, փոքրիկ կամուրջի վրա, որ գցած էր փողոցի և մայթի միջև անցնող ջրանցքի վրայից, մեկը հանկարծ կտրեց նրա առաջը։ Զազունյանը բարձրացրեց գլուխը և լապտերի լուսով ճանաչեց Զագորսկուն։

— Bon soir, monsieur Zasounian,— ըստ երևույթին, արբածությունից հազիվ ոտի վրա կանգնելով, ասաց Զագորսկին և ըստ զինվորականի՝ ձեռքը ճակատի մոտ բռնելով, բարևեց նրան։

Զազունյանը հանկարծ ջղային ցնցումով բարձրացրեց ձեռքն և այնպիսի ուժով ապտակ տվեց նրան, որ նա օրորվեց և նեղ կամուրջից ընկավ ցածլիկ ջրանցքը, որի միջով խոխոջալով անցնում էր ջուրը։ Զազունյանը կամուրջից անցավ մայթը և շարունակեց իր ճանապարհը... Այնուհետև ոչինչ չիմացավ, թե ինչ պատահեց Զագորսկուն։

Տասը րոպեից հասավ հյուրանոց։ Ռուս դռնապանը բաց անելով դուռը, քաղաքավարությամբ հայտնեց նրան, որ նրա մոտ հաճախ եկող նորատի կինն այդ երեկոյան, նրա դուրս գնալուց հետո եկել էր և հարցրել էր նրան. նա նույնպես հայտնեց, որ այդ կինն երեք օր է, որ շարունակ գալիս է նրա մոտ, բայց նրան տանը չի գտնում։

Զազունյանը հասկացավ, որ խոսքը Էմմայի մասին էր։ Նա հրացայտ աչքերով մի րոպե նայեց դռնապանի նիհարությունից չորացած դեմքին, կարծես պատրաստվելով նրան էլ մի պինդ ապտակ հասցնելու, հանկարծ դարձավ և բարձրացավ վերև։ Մտավ իր սենյակը և դուռը փակեց բանալիով։