այնտեղ չգտնելով, Էմման վերադառնում էր վերին աստիճանի գրգռված դրությամբ։ Զաքարը հիվանդանոցից հենց նոր էր տուն եկել։ Հիվանդանոցի բակի դռան մոտ անակնկալ կերպով հանդիպելով Զազունյանին, նա այս անգամ արդեն խիստ կատաղել էր թե նրա և թե էմմայի դեմ։ Կնոջ դեմ մանավանդ ավելի կատաղեց, երբ տուն գալով աղախնուց իմացավ, որ նա ուր-որ գնացել է։ Խելագարի նման նա համարյա վազվզում էր հյուրասենյակում և վայրկյան առ վայրկյան սպասում էր Էմմայի վերադարձին։ Այս անգամ զգում էր, որ համարձակորեն հաշիվ կարող է պահանջել նրանից և վճռել էր, որ այդպես անի. վերջապես պե՞տք է վերջ տալ այդ անտանելի դրությանը, թե ոչ։ Դռան զանգակի ձայնը լսելով, նա դուրս վազեց միջանցք և կանգնեց այնտեղ, մինչև որ աղախինը դուռը կբանար։ Նա գիտեր, որ եկողն Էմման էր, և չսխալվեց։
Ներս մտնելուն պես էմման կատաղած կանչեց աղախնու վրա.
— Մինչև ե՞րբ սպասեմ, որ դուռը բանաս։
Աղախինը ձայն չհանեց և գլուխը խոնարհած դուռը փակեց։
Էմման արագ քայլերով բարձրացավ վերև։ Այնտեղ միայն նա տեսավ Զաքարին և, հանկարծ կանգ առնելով, մի հպարտ և կռվի դուրս կոչող հայացք ձգեց նրա վրա։
Զաքարը կպել էր պատին, նա սաստիկ գունատ էր և ամբողջ մարմնով դողում էր։
Երկուսն էլ մի կարճ միջոց լուռ նայեցին միմյանց և հասկացան միմյանց դրությունը։
Հանկարծ Էմման նույն լռությամբ շարժվեց տեղից և շտապեց դեպի իր սենյակը:
— Կա՛ց,— լսեց նա Զաքարի ձայնը։
Նա արագ ամբողջ մարմնով դարձավ, առաջվա հայացքով նայեց ամուսնուն և գլուխը հպարտությամբ ետ ձգեց։ Այս անգամ Զաքարը ոչ թե դողում, այլ ոտից ցգլուխ ցնցվում էր։
— Որտե՞ղ էիր,— հազիվ արտասանեց նա և փորձեց մի քայլ առաջ գնալու։
— Զազունյանի մոտ,— պատասխանեց Էմման: