— Լի՛րբ,— գոչեց Զաքարը և ուզեց հարձակվել նրա վրա։
Էմման գլուխն ավելի ևս ետ ձգեց, ավելի հպարտ հայացքով նայեց նրան և տեղից չշարժվեց։
— Կսպանեմ նրան․․․ քեզ էլ,— իրեն բոլորովին կորցրած՝ ատամների միջից արտասանեց Զաքարը։
Էմման ձեռքը կրծքի վրա դրեց։
— Ես չեմ վախենում,— ասաց նա։
Զաքարն անզուսպ կատաղությամբ ձեռքով ցնցողաբար ինչ-որ շարժումներ գործեց, ուզեց խոսել, մի բան ասել, բայց ձայնը չհպատակեց նրան։ Նա հանկարծ դարձավ և խենթի նման ներս վազեց։
Էմման ձեռքը կրծքին դրած նույն դրությամբ անշարժ մնաց տեղում․ մի քանի վայրկյանից նա տղամարդի ուժգին հեկեկանքի ձայն լսեց։ Այդ ձայնը լսելով, նա հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց, և նրա ձեռքը թուլացած ընկավ կրծքի վրայից։ Նա գլուխը ակամա առաջ տարավ, կարծես խորին ուշադրությամբ ականջ դրեց այդ ձայնին, հետո կամաց դարձավ և մտավ իր սենյակը։ Առանց գլխարկը վերցնելու, առանց ձեռնոցները հանելու, նստեց աթոռի վրա և անշարժ մնաց։ Նրան նայողը կկարծեր, թե խորը մտածության մեջ է, բայց նա ոչինչ չէր մտածում։
44
Հետևյալ առավոտը Զաքարը կառք նստած՝ գնում էր հիվանդանոց։ Քաղաքային այգու կողմից դեպի Միքայելյան կամուրջը ծռվելով, նա հանկարծ տեսավ, որ «Գրանտ-օտել» հյուրանոցի առջև բազմաթիվ մարդիկ են խմբված։ Հյուրանոցի դռան շեմքին ոստիկաններ էին կանգնած և ոչ ոքի ներս չէին թողնում։
Մի զարհուրելի բնազդում ցնցեց Զաքարի ամբողջ էությունը։
Նա կառքը կանգնեցնել տվեց հյուրանոցի առջև և ցած թռավ։
— Ի՞նչ է պատահել, ի՞նչ,— հարցրեց։