Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հյուրանոցում մեկն անձնասպանություն է գործել,— պատասխանեցին նրան:

«Զազունյանը»— կայծակի արագությամբ անցավ Զաքարի մտքով։ Նա ճղեց ամբոխը, առաջ անցավ և ուզեց ներս մտնել հյուրանոց, բայց ոստիկանները կտրեցին նրա ճանապարհը։

— Բժիշկ եմ, բժիշկ,— գոռաց նա ոստիկանների վրա:

Նրան ներս թողեցին:

Նա չիմացավ, թե ինչպես վերև վազեց սանդուղքով։

Հյուրանոցի բոլոր կեցողները` մարդիկ, կանայք, երեխաները և բոլոր ծառաները խռնվում էին միջանցքում։ Անցնելու ճանապարհ չկար, բայց Զաքարը կարողացավ անցնել և կանգ առավ Զազունյանի սենյակի դռան առջև: Այստեղ էլ ոստիկաններ էին կանգնած, որոնք չուզեցին նրան ներս թողնել, բայց նա դարձյալ գոռաց` «բժիշկ եմ, բժիշկ», և նրան ներս թողին։ Սենյակում ոստիկանատան մի քանի ստորին և բարձր պաշտոնյաներ կային, որոնք արձանագրություն էին կազմում։ Կային նաև մի քանի կողմնակի մարդիկ, որոնց հաջողվել էր ներս մտնել։ Զաքարն առաջ չկարողացավ գնալ. շանթահար կանգ առավ դռների մոտ։

Սենյակի մեջտեղում, հատակի վրա, երեսն ի վեր ընկած էր Զազունյանի դիակը. ուղիղ ճակատին ատրճանակի գնդակից մի զարհուրելի վերք էր բացված, որ կարմրի և սևի էր խփում: Նրա աչքերն ու բերանը բաց էին: Թվում էր, թե ջանք է անում ամբողջ կրծքով շունչ քաշելու, բայց շունչը քարացած էր նրա թոքերում։ Նրա դեմքը և սպիտակ օսլայած շապիկը (սյուրտուկն ու ժիլետը հանած էր) ամբողջապես թաթախված էին արյան մեջ։ Առատ արյունը գուբ էր կապել նրա տակ։

Զարհուրելի էր նրան նայել։

Եվ Զաքարը զարհուրում էր։ Այո, զարհուրում էր միայն...

——————

Էմման հետևյալ օրը միայն իմացավ Զազունյանի անձնասպանության լուրը և իմացավ ոչ թե Զաքարից, այլ տեղական լրագրերից, որոնց մեջ տպված էին այդ անձնասպանության բոլոր մանրամասնությունները, բացի պատճառից, որ ոչ ոքի հայտնի չէր։