1
189* թվի մեծ պասի նախավերջին շաբաթն էր, օրն երկուշաբթի, ապրիլ ամսի տաք, հիանալի մի օր: Փոքրիկ եկեղեցու սպիտակ ներկված պատի տակ, տախտակի նեղ նստարանի վրա, նստած էին մի պառավ և մի նորատի կին։ Նրանք սպասում էին ճաշի ժամերգությանը։ Հագուստներից երևում էր, որ պատկանում են հարուստ դասակարգի։ Պառավը հագնված էր թիֆլիսեցի կնոջ տարազով, նորատին՝ եվրոպական։ Նրանք հարս ու սկեսուր էին։
Պառավի գլուխը ծերությունից շարժվում էր անդադար կամ վերևից ներքև, կամ ձախից աջ, կարծես «այո» կամ «ոչ» էր ասում, և աչքերը ջրակալում էին շարունակ, թեև արտաքուստ նա շատ էլ ծեր կնոջ տպավորություն չէր թողնում։ Բարությունն ու միամտությունը կաթում էր նրա փափուկ դեմքի ամեն մի խորշոմից, և այդ դեմքը մի տեսակ բութ-պայծառ արտահայտություն ուներ։
Հարսը կլիներ մոտ քսան-քսաներկու տարեկան։ Սկեսրոջ կողքին նստած՝ ամբողջ գլխով և ուսով բարձր էր նրանից։ Փետրազարդ և ծաղկազարդ փեղույրի շրջապատն այնքան լայն էր առջևից, որ արևի տակ ստվեր էր ձգում նրա նիհար դեմքի վրա, քթից վերև։ Նա կատարյալ գեղեցկուհի էր, այն ուրույն գեղեցկուհիներից, որոնց դեմքն առաջին իսկ անգամից խորապես տպավորվում էր դիտողի հոգու մեջ և ինչ-որ քնած լարեր է շարժում այնտեղ մաքուր ու մելամաղձիկ, ինչպես տեսքը սգավոր գեղեցկուհու։ Ահագին թերթերունքների տակ պատսպարված նրա սևորակ աչքերը նայում էին կարծես անդունդից և այնպիսի մի թախիծով, որ կարծես նրա հետ ծնվել, նրա հետ էլ պիտի մեռնեին։ Նա հագնված